Դեսպան Մկրտչյանը Լատվիայի պաշտոնաթող նախագահին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 27-ին հանդիպել է Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկիս Մույժնիկսին (Indriķis Muižnieks):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է Լատվիայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում՝ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ այս տարի տեղի ունենալիք Լատվիայի համալսարանի և ԵՊՀ 100-ամյակներին նվիրված միջոցառումները և հնարավոր փոխադարձ այցելությունները լավ հնարավորություն են համագործակցության հաստատման համար:
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարում Լատվիայում ՀՀ դեսպանության կողմից նախատեսված միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը: Ողջունելով դեսպան Մկրտչյանի առաջարկները՝ԻնդրիկիսՄույժնիկսը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:
Դեսպան Մկրտչյանը հանդիպման ավարտին Լատվիայի համալսարանի գրադարանին հերթական անգամ նվիրել է Հայոց պատմությանը, մշակույթին ու արվեստին նվիրված հարուստ գրականություն:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպել է նաև Լատվիայի պաշտոնաթող նախագահ Վալդիս Զատլերսին (Valdis Zatlers):
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անցուդարձի մի շարք օրակարգային խնդիրների: Վալդիս Զատլերսի խնդրանքով՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել էԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: