Հասարակական

Հայաստանը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ. Իվոն Չուն՝ Տիգրան Ավինյանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ. Իվոն Չուն՝ Տիգրան Ավինյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 25-ին ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուին:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) Հայաստանի համար տարվա կարևորագույն միջոցառումներից է և կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվոն Չուն ասել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և կարծիք հայտնել, որ երկիրը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ: Նա հավելել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի նկատմամբ և բոլոր նախադրյալները կան, որպեսզի այն լավագույններից մեկը լինի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին՝ ներկայացնելով նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների մրցակցային առավելությունները: Նա ընդգծել է, որ WCIT 2019 հիանալի հնարավորություն է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի 82 անդամ-երկրների գործարարների համար ավելի լավ ուսումնասիրելու Հայաստանը, բացահայտելու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շահավետ փոխգործակցություն հաստատելու հայաստանյան ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերները՝ ուղղված Acer ընկերության հիմնադիր Սթեն Շիին և ՏՏԾՀԴ նախագահ Իվոն Չուին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում