Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-չինական առևտրատնտեսական և միջմշակութային կապերը հետհեղափոխական Հայաստանում գործնականում նորանոր բովանդակությամբ և բաղադրիչներով հարստացնելու մեծ ներուժ ունեն։ Սուրեն Պապիկյանը նաև նկատել է, որ ՀՀ մարզերի և չինական նահանգների միջև հետզհետե ամրապնդվող բարեկամական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունն են ունենում միջպետական օրակարգի ընդլայնման գործում։ Նախարարը խիստ հեռանկարային է բնութագրել սույն թվականի ապրիլի 25-ին Պեկինում անցկացվելիք «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» խորագրով նախաձեռնությունների 2-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրումը և հույսով հավելել, որ նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները շարունակական բնույթ կկրեն։

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ՀՀ ՏԿԶ նախարարությունն անկյունաքարային դեր և նշանակություն ունի հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման առանցքում։ Դեսպանի խոսքով, միջտարածաշրջանային մակարդակում հայ-չինական ապակենտրոնացված բազմածրագրային փոխգործակցությունը հանդիսանում է Չինաստանի կառավարության առաջնահերթություններից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև վարչատարածքային համագործակցության խորացմանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը, չինական կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում