Իմ նպատակն Է աջակցել Գյումրիին. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է Շիրակի թեմի առաջնորդին՝ վերջերս արքության աստիճանի արժանանալու առիթով և նշել, որ այն սրբազանի տարիների վաստակի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ տարվա առթիվ՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Հանրապետության նախագահի առաջին հյուրը նոր նստավայրում: Որպես գյումրեցի և որպես Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին Գյումրիի հանդեպ մնայուն ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ իր զրույցի մասին՝ Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելու վերաբերյալ:«Սա ինձ համար սկզբունքային է, քանի որ դա թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը ոտնձգություն անի պատմական շինությունների նկատմամբ,-ասել է նախագահը: -Երկրորդը՝ հնարավորություն կտա որոշակի ծրագրեր, միջազգային ֆինանսավորում ներգրավել Գյումրիի կենտրոնի համար: Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել եւ աջակցել Գյումրիին»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ Գյումրին բարձր մակարդակի ուշադրության կարիք ունի և համաձայնել է Հանրապետության նախագահի հետ, որ Գյումրու պատմական կենտրոնը պետք է փրկել, վերադարձնել այն իր պատմական սքանչելի տեսքին, հատկապես եթե ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել: Շիրակի թեմի առաջնորդը նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ պետք է լուծվեն նաև քաղաքի մյուս խնդիրները:

Հանրապետության նախագահը առաջնահերթ կարևորել է նաև մարդկանց զբաղվածության հարցը:«Կարող ես լավագույն բնակարանը տալ մարդուն, բայց եթե նա աշխատանք չունի, չի կարողանում իր ընտանիքը պահել, դրա արդյունքը մենք բոլորս գիտենք: Եթե մարդիկ բավարար աշխատանք ունենան կարող են իրենց աշխատանքով բնակարան կամ տուն գնել»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները և հնարավորությունները՝ գոնե առաջիկա երկու- երեք տարում առկա խնդիրները լուծելու համար՝ զրուցակիցներն համակարծիք են եղել, որ Գյումրին իր ներուժով մեծ ներդրում կարող է ունենալ ընդհանուր Հայաստանի զարգացման մեջ:

Հայերեն English Français Русский

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին