Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել ծանոթանալու Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում էին, որն առիթ էր բոլորիս համար գնահատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: Վերջին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի էր ունեցել Դավոսում, և համանախագահների այցն ուղղված էր այդ հանդիպումն ամփոփելուն, ծանոթանալուն հանդիպման արդյունքներին, և նախանշելուն այն քայլերը, որոնք անելու ենք միասին` շարժվելով դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասաց Մնացականյանը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում