Մշակույթ

Հովհաննես Գալստյանը կոչ է անում իշխանություններին վերստանձնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ պարտավորությունները

6 րոպեի ընթերցում

Հովհաննես Գալստյանը կոչ է անում իշխանություններին վերստանձնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմփրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը իշխանություններին կոչ է անում վերստանձնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ունեցած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նա խոսեց փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Իմ գործընկերների` համարտադրող կողմերի հետ երկար քննարկել եմ ստեղծված իրավիճակը: Նրանք մտահոգված են խնդրով և կոչ են անում դադարեցնել հացադուլը: Սակայն ես կոշտացնելու եմ իմ պայքարը: Կոչով դիմում եմ ՀՀ իշխանություններին՝ անհապաղ փրկել սեփական դեմքը, որովհետև դուք չեք կարող միջազգային կինոնախագծի իրականացան համար տալ երաշխիքներ, հետո չկատարել դրանք: Դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ: Դուք տվել եք պարտավորություն, ուրեմն պետք է ձեզ ենթակա կառույցներին հրահանգեք կատարել դրանք: Վերստանձնեք ձեր պարտավորությունները ֆիլմի վերաբերյալ և կսկսեմ մտածել հացադուլը դադարեցնելու մասին: Իմ կոչն իշխանությանն է՝ ուղղակի հաստատել օրինականությունը»,-շեշտեց Գալստյանը:

Նա նաև կոչով դիմեց հասարակությանը: «Ներում եմ հայցում ձեզանից սա ասելու համար, քանի որ գիտեմ` բոլորս ծանր սոցիալական կացության մեջ ենք, բայց ես ձեզ կոչ եմ անում սատարել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ստեղծմանը` կինոնկարի հաշվեհամարին, որը բացվել է «Ամերիա» բանկում, անգամ ամենաչնչին գումարներն ուղարկելով: Դուք արդեն իսկ աջակցել եք, քանի որ Հայաստանի պետական բյուջեով նախատեսված է կինոյի համար գումարներ տրամադրել, և դուք արդեն ձեր հարկերից վճարել եք, բայց ես ձեզ խնդրում եմ կրկին աջակցել ֆիլմի ստեղծմանը: Դիմում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներին և Ազգային ժողովի պատգամավորներին, որ փետրվար ամսվա իրենց աշխատավարձերից որոշ գումար փոխանցեն կինոժապավենի հաշվեհամարներին»,-ասաց կինոռեժիսորը:

Հովհաննես Գալստյանը նույն նպատակով դիմեց նաև ՀՀ բիզնես-էլիտային:

Նա շեշտեց, որ վայելում է հանրության աջակցությունը, որ շատ ամուր է, չի դադարեցնելու իր պայքարը և մարտի մեկին գնալու է նկարահանման հրապարակ նախապատրաստական աշխատանքներին: «Միակ բանը, որը մենք հաշվարկել ենք, դա մարտ և ապրիլ ամիսներին անհրաժեշտ գումարի չափն ունենալն է նկարահանումներ իրականացնելու և ֆիլմի արտադրությունը չվիժեցնելու համար, որ մեր գործընկերները` գերմանական և բուլղարական համարտադրողները, ստանան երաշխիքներ, որ «Տատիկիս վարսերը» շարունակվելու է, և պատրաստեն իրենց նկարահանումները»,-նշեց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ վերոնշյալ աջակցությունները ստանալու դեպքում, երբ նվազագույն գումարը կհավաքվի հաշվեհամարին, ստանալով նաև Կառավարությունից երաշխիքներ այն մասին, որ ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները վերահաստատվելու են` այդ օրը ռեժիսորը կդադարեցնի հացադուլը, իսկ մինչ այդ զիջում չի լինի: «Այսօր երեկոյան որևէ հաստատուն պատասխան չստանալու դեպքում ինձ մոտ կհայտնվեն նոր վրաններ: Կան մարդիկ, որոնք կմիանան ինձ: Նրանցից են իմ երիտասարդ գործընկերները, որոնց ես արգելում եմ դա անել, բայց կան մարդիկ, որոնց չեմ կարող արգելել»,- եզրափակեց կինոռեժիսորը:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ էր իրականացրել: Ինըօր հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումը ձայնագրվել է: Ձայնագրությունում, որը լսելու հնարավորություն ունեցան լրագրողները, Լիլիթ Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարում է կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրում է վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել կատարողականի մասին:Սակայն հարցի չլուծման պատճառով փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը: Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար ԱրմենԱմիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասըժամանակավորապես փոխանցվել է Հայաստանիֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում