Քաղաքականություն

ԱԺ նախագահը կառավարության ծրագրի հաջողությունը կապում է քաղաքացիների հավատի և մասնակցության հետ

3 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը կառավարության ծրագրի հաջողությունը կապում է քաղաքացիների հավատի և մասնակցության հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագիրը կիրականանա, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 14-ն Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ելույթների ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին մենք կարող ենք կանգնել և այս ծրագիրը կիրականանա միայն մեկ դեպքում, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: Այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է: Կհաջողվի կառավարությանը ապահովել սա՝ կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, և թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,- ասաց Միրզոյանը:

Օրենսդիր մարմնի խոսնակն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե կառավարության ծրագրում չկան հստակ թվեր ու ժամկետներ: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: Ո՞ւր են ձեր թվերը, իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում և քանի՞ ջրամբար եք դուք կառուցելու: Այս հարցերի պատասխանները կառավարության ծրագրում, այո, չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են»,- նշեց ԱԺ նախագահը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը: Փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում