Պաշտոնական

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի եւ Կարին Մարմզոլերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ եւ ժողովրդավարական տեսանկյունից:

Զրուցակիցները կարեւորել են պարբերական շփումներն ու ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում տարբեր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ կարեւորել Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի դրսեւորումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարն իր գործունեությամբ կնպաստի նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում