Մշակույթ

Ռոտերդամի կինոփառատոնում հայկական ծրագրի շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճներում

3 րոպեի ընթերցում

Ռոտերդամի կինոփառատոնում հայկական ծրագրի շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Արմինիուս» եկեղեցում կայացել է «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձևաչափով ցուցադրությունը։ Շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնի ընթացքում ունեցած հաջողությունների մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Ռոտերդամի փառատոնը հրաշալի հնարավորություն էր մեզ համար նորովի մատուցելու միջազգային հանրությանը մեր կինոմշակույթը և դրա պատմությունը: «Արմինիուս» տաճարի հատակին հատուկ սեղաններ էին դրված, դրանց վրա ամրացված էր 24 մոնիտոր: Մոնիտորների օգնությամբ ցուցադրվում էին կադրեր ֆիլմերից: Շատ տպավորիչ էր. ամենը ներկայացված էր Տիգրան Մանսուրյանի երաժշտության ներքո: Հյուրերի հետաքրքրությունը շատ մեծ էր»,-նշեց տնօրենը:

Նա պատմեց, որ փառատոնի ընթացքում կազմակերպված էին այլ ծրագրեր ևս, սակայն մեկնարկը տրվեց «Կինոյի տաճար»-ով, ինչը մեզ համար պատվաբեր է:

«Ինչպես հիշում եք, այս տարի լրացավ Փարաջանովի 95-ամյակը և այս ողջ ցուցադրությունը յուրովի հարգանքի տուրք էր մեր վարպետի հոբելյանին: Փարաջանովն առաջին անգամ արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի կազմակերպիչների հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Փաստորեն 30 տարի անց նույն փառատոնում մենք ներկայացնում ենք Փարաջանովի ֆիլմերից հատվածներ»,-ընդգծեց Միրզախանյանը:

Տնօրենը կարևորեց Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող և ֆիլմերի ռեստավրատոր Դանիել Բըրդի դերի ֆիլմերի վերականգնման հարցում և շեշտեց, որ համագործակցությունը շարունակվելու է:

«Մենք փառատոնի ընթացքում բանակցություններ ենք վարել մեր հետագա անելիքների վերաբերյալ: Կինոկենտրոնի հաջորդ քայլը Համո Բեկնազարյանի ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումն է: Կարծում եմ` սկզբում «Պեպոն» կթվայնացնենք: Դա կանենք Փարաջանովի «Նռան գույնը» ժապավենի ռեստավրացման աշխատանքներն ավարտելուց հետո»,-եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում