Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը Հարկային օրենսգրքի վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի ֆինանսների նախարարություն

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը Հարկային օրենսգրքի վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպում-քննարկում կունենա ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Օրակարգում են լինելու նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այս հինգշաբթի օրը՝ փետրվարի 7-ին մենք հանդիպում-քննարկում ենք ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Օրակարգում լինելու են նաև Հարկային օրենսգրքին առնչվող հարցեր: Մենք ինքներս ունենք որոշակի դիտարկումներ՝ տարբեր հանձնաժողովներում: Տարբեր պատգամավորներ ունեն իրենց վերլուծությունն ու դիտարկումները»,- ասաց Մակունցը:

Նա նշեց, որ իրենց առաջարկները կներկայացնեն ֆինանսների նախարարին կամ նախարարության ներկայացուցիչներին: Մակունցը կարևորեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթը ներկայացնի առանձին հանրային և մասնագիտական խմբերի շահերը:

Անդրադառնալով հանդիպման նպատակին՝ խմբակցության ղեկավարն ասաց, որ նախարարության հետ հանդիպելու են նույն օրակարգով, որով հանդիպել են ՊԵԿ նախագահի հետ: Քննարկելու են պարգևավճարների հարցը: «Մեզ համար կարևոր է հասկանալ՝ արդյոք խնդիրները նույնատի՞պ են, թե ոչ»,-եզրափակեց Մակունցը:

Հունվարի 29-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ անցկացրել էր աշխատանքային հանդիպում, որն առնչվել էր նաև գերատեսչության պարգևավճարների հետ կապված հարցին: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե դեկտեմբեր ամսին պետական մի շարք օղակներում մեծ չափերի պարգևատրումներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում