Կոմպոզիտորները ցանկանում են զգալ պետության հետաքրքրությունը իրենց արվեստի նկատմամբ. Սաթյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է լինի մեծ մենեջերական օղակ, որը կապ կստեղծի հասարակության, արվեստի գործիչների, կոլեկտիվների միջև: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: «Ցանկանում եմ, որ կոմպոզիտորները ստեղծագործեն և զգան, որ պետությունը հետաքրքրություն է ցուցաբերում իրենց արվեստի նկատմամբ, և այս կապը պետք է ամրապնդի ՀՀ մշակույթի նախարարությունը կամ այն կառույցը, որին այն կվերածվի հետագայում»,-նշեց նա:

Նախարարությունը պետք է համակարգի, կարգավորի մշակութային դաշտը: «Հաճախ եմ նկատել, որ նույն օրը, նույն ժամին Երևանում մի քանի լավ համերգ է տեղի ունենում: Բոլոր համերգներն էլ հետաքրքիր են, և դժվարանում ես կողմնորոշվել` որին մասնակցել: Այդպես դասական համերգների հանդիսատեսը կորում է: Մենք այնպիսի քաղաքում չենք ապրում, որն ունի տասը միլիոն բնակչություն, մեր քաղաքում դասական երաժշտության լսարանը մեծ չէ, հետևաբար պետք է համակարգել այդ ամենը»,-շեշտեց միության նախագահը:

Նա նկատում է, որ նախարարության անունը փոխելը կամ այն այլ նախարարության կցելը ոչինչ չի տա, եթե նույն կերպ շարունակեն աշխատել այնտեղ: Նախկինում ՀՀ մշակույթի նախարարությունում կային այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք էին Ավետ Տերտերյանը, Ռոմեն Դավթյանը, մարդիկ, որոնք հիվանդ էին Հայաստանի մշակույթով: «ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է մեծ դեր խաղալ մշակույթի զարգացման գործում, եթե այնտեղ ճիշտ կադրեր աշխատեն, քանի որ հաճախ պաշտոնյան է թելադրում մշակութային քաղաքականությունը»,-ասաց Սաթյանը:

ՀՀ կառավարությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախատեսել է փոփոխություններ, որոնց համաձայն՝ ենթադրվում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է միանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը հնարավոր է, որ լուծարվի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գործի որպես վարչություն:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին