Նախաձեռնում են Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի նախաձեռնությամբ Հայաստանում նախատեսվում է իրականացնել Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ներկայացման կազմակերպիչները:

«Տիգրան Մեծի մասին քառասունից ավելի օպերաներ են գրել այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն, Հասեն: Տարբեր պատճառաբանություններով մենք չունենք այս քառասուն օպերայից որևէ մեկի բեմադրությունը: Որքանով ինձ հայտնի է, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման շրջանակում հնչել է մի փոքր հատված Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերայից»,-ասաց ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:

Նրա խոսքով` մեր պատմության ընթացքում միշտ հերոսների կարիք ենք ունեցել: Նրանց կարիքը կա նաև այսօր: Դա է պատճառը, որ իրենք նախաձեռնել են «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրությունը: «Տիգրան Մեծ ասելով` միայն ծովից ծով Հայաստան ենք պատկերացնում, բայց պատմությունը փաստում է, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին ունեցել ենք բավականին զարգացած մշակույթ, մարդկային բարձր փոխհարաբերություններ, բարձր արժեքային համակարգ: Այս օպերայի լիբրետոյին ծանոթանալով` տեսնում ենք, որ այստեղ Տիգրանը ներկայանում է ոչ թե որպես մեծ զորավար, այլ որպես մարդասեր»,- պատմեց Մանասյանը:

Անդրադառնալով ներկայացման բյուջեին` նա շեշտեց, որ բեմադրությունը կյանքի կոչելը խենթ նախաձեռնություն է, քանի որ իրենք բյուջե չունեն: «Երդվում եմ` այս բեմադրությունը կիրականացվի: Ես շատ կցանկանամ, որ այն տեղի ունենա Գառնու հեթանոսական տաճարում, քանի որ թեման հեթանոսական է: Այնտեղ հնարավոր է 3000 մարդու համար ամֆիթատրոն ստեղծել»,- ընդգծեց ֆիլհարմոնիայի տնօրենը:

Բեմադրության իրականացման համար Գագիկ Մանասյանի հրավերով Հայաստան ժամանած ռեժիսոր Գեորգի Իսահակյանը նշեց, որ ինքը Ռուսաստանում ստեղծագործող այն քիչ բեմադրիչներից է, որ գրեթե ամեն տարի բարոկկո դասական ոճով օպերաներ է բեմադրում: «Այս ժանրի օպերաներն աշխարհում այսօր շատ տարածված են ու պահանջված: ԱՄՆ-ի, Եվրոպայի գրեթե յուրաքանչյուր օպերային թատրոնում անպայման ամեն տարվա խաղացանկում ընդգրկվում են մեկից ավելի բարոկկո ոճով արված ներկայացումներ: Կարծում եմ, Հասեի օպերայի բեմադրությունը խոշոր իրադարձություն կլինի Հայաստանի մշակութային կյանքում»,-ասաց Իսահակյանը:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը խոստովանեց, որ գործ են ունենալու շատ լուրջ կատարողական խնդիրների հետ: «Մեր օրերում եվրոպական մի շարք երաժշտական ակադեմիաներում, կոնսերվատորիաներում ամբիոններ են բացվում բարոկկո երաժշտության կատարողական սկզբունքներն ուսումնասիրելու նպատակով: Այսօր կան նվագախմբեր, որոնք բարոկկո դարաշրջանում ստեղծված ստեղծագործությունը հատուկ տեխնոլոգիայով են նվագում»,- պատմեց նա և շեշտեց, որ իրենք պետք է այնպիսի նվագախումբ կազմեն, որը կկարողանա լիարժեք ներկայանալ բարոկկո ոճում:

Դիրիժորը չմոռացավ նաև երգչախմբի մասին՝ ասելով, որ երգիչների հետ կապված խնդիր նույնպես կա, քանի որ «Տիգրան Մեծ» օպերան գրված է այն ժամանակաշրջանում, երբ կանանց արգելված էր բեմ դուրս գալ: «Ներկայացումներում ընդգրկվում էին տղաներ, որոնք կանացի ձայներ ունեին: Մենք այդպիսի երգիչներ չունենք: Անցկացնում ենք երգիչների մրցույթ, որպեսզի հասկանանք, թե ինչ ձայներ կան: Գուցե նրանցից ոմանք ընտրվեն մասնակցելու օպերային, գուցե հրավիրենք կատարողների արտերկրից»,- նշեց Ասատրյանը և կարևորեց ստեղծագործական առողջ մթնոլորտի առկայությունն աշխատանքի հաջողության գործում:

Սոպրանո, ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը, որը նույնպես հրավիրված է մասնակցելու օպերայի ստեղծման աշխատանքներում, ասաց, որ մեծ ուրախությամբ կուսումնասիրի նյութը: «Եթե իմ ուժերը ներեն, սիրով կլծվեմ այս գործին ու հանդես կգամ օպերայում: Բարոկկո ոճի երաժշտությունն իմ առարկան է, իմ սիրելի ժանրը. Եվրոպայում լավագույն մասնագետների մոտ եմ ուսումնասիրել այն: Ինչպես արդեն նշվեց, այնտեղի կոնսերվատորիաներում հատուկ ուսումնասիրվում է բարոկկո երգեցողությունը, որը արտաբերման հատուկ տեխնիկա է պահանջում: Այն, ինչ կարելի է կիրառել Պուչինիի, Վերդիի, Դոնիցետիի օպերաներում, չես կարող կիրառել բարոկկո ոճում»,-ներկայացրեց երգչուհին:

Հայերեն

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին