Հասարակական

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները

2 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են կասեցնել տնօրենի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Մանուկ Մանուկյանը:

«Երբ նրան նշանակեցին կենդանաբանական այգու տնօրեն, նա խոստումներ տվեց նախկին քաղաքապետներին, որ խոշոր ներդրումներ կարվեն այգում, բայց այդ ներդրումները տեղի չունեցան, և այն, ինչ արվել է այգում, արվել է Երևանի քաղաքապետարանի միջոցներով»,- ասաց Մանուկյանը:

Ցուցարարներին բողոքի ակցիայի ընթացքում մոտեցավ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը`առաջարկելով հանդիպում կազմակերպել քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի հետ:

Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Նոյեմբերի 19-ին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր նշանակվելուց ի վեր, քաղաքապետի փոփոխությամբ պայմանավորված, բարձրացել է նման ալիք՝ փոխել տնօրենին: Նրա խոսքով` ալիքի հետևում ամեն անգամ տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով:

Հունվարի 26-ին Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները այգու տարածքում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում պահանջում էին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում