Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
3 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962506.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին ու պատմականորեն ձեւավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում:
Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը` ուղղված երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանը շարունակական կլինի:
Երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի ձեւավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի եւ ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն զարգացման նոր արդյունքներ:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին` խորհրդարանի ղեկավարն այս հարցում կարեւորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանի համար հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը կենսական նշանակություն ունի:
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու առթիվ, մաղթել է բեղմնավոր աշխատանք:
Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխայցերը:
Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է եւ իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարեւորել են համագործակցությունը մշակութային, կրթական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջեւ գրանցված առեւտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը: