Քաղաքականություն

ԼՂ բանակցությունների գործընթացը վերակենդանացման փուլում է. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԼՂ բանակցությունների գործընթացը վերակենդանացման փուլում է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահության շրջանակում իրականացվող գործընթացը վերակենդանացնելու ուղղությամբ այժմ փորձեր են արվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Այս իրավիճակը կապված է Հայաստանում իշխանության փոփոխությունների հետ: Մի կողմից՝ այդ իշխանությունները փորձում են Ղարաբաղյան հակամարտության մեջ մտնել և սկսել ինչ-որ կերպ փոխազդել Մինսկի համանախագահների վրա, մյուս կողմից` Ադրբեջանը փորձում է սեփական իմիջի բարելավման ուղղությամբ քաղաքականություն վարել: Երբ մի փոքր ետ նայենք, կարող ենք տեսնել, որ Ադրբեջանից այլ ոճի հայտարարություններ են հնչում, դրանցից մի քանիսն էլ համատեղ են` բնակչությանը խաղաղության նախապատրաստելը և այլն»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով երկու երկրների ոչ պաշտոնական հանդիպումներին՝ քաղաքագետն ասաց, որ արդեն տեսնում է Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման գործընթացը:

«Չեմ կարող ասել, թե այն որքանով հաջողված կլինի, բայց այդ հանդիպմանն արդեն նախապատրաստվում են: Պարզ է նաև, որ շատ շուտով նաև Արտաքին գործերի նախարարների հանդիպում կլինի»,- նշեց Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ բանակցությունների գործընթացը ճիշտ ուղղությամբ շարունակելու համար պետք է նվազեցնել բռնության աստիճանը կամ ընդհանրապես հասցնել այն զրոյի:

«Այսօր տեսնում ենք, որ սահմանին իրավիճակը համեմատաբար հանդարտ է: Ինձ դժվար է պատկերացնել այդ իրավիճակի կայունության աստիճանը, չեմ կարծում, որ երկար կշարունակվի այդ կայունությունը: Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում փոխզիջման գնալու հայտարարություններ, իրենց դիրքորոշումը բավականին հստակ արտահայտված է: Հայերի մոտ միանգամայն այլ դիրքորոշում է, որը չի համընկնում ադրբեջանականի հետ»,- շեշտեց քաղաքագետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում