Հակամարտության կարգավորման գործընթացի այս փուլում էականը ռիսկերի նվազեցումն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից օրեր անց դեռևս շարունակվում են քննարկումները, թե որքանով են նման ֆորմատով հանդիպումներն արդյունավետ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Շրջանառվում է նաև այն թեզը, թե Դուշանբեի պայմանավորվածությունները օրակարգից դուրս են մղել 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որը, սակայն, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Ըստ էության, պետք է արձանագրել, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումները, չնայած իրենց ոչ պաշտոնական բնույթին, կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ հանդիպումներն առավելապես ուղղված են երկու երկրների առաջնորդների՝ հակամարտության լուծման վերաբերյալ միմյանց տեսակետներին ծանոթանալուն, դիրքորոշումները հստակեցմանը, կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը և, ի վերջո, առկա ռիսկերի նվազեցմանը:

Ռիսկերի նվազեցմանն ուղղված հստակ քայլ էր Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերի միջև օպերատիվ կապի վերականգնումը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Այդ նպատակին էին ուղղված նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ Ա. Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում և հետաքննության մեխանիզմների ներդրում: Արդյունքում ի՞նչ ունենք այսօր: Ադրբեջանը փաստացիորեն փորձում է խուսանավել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց, ստեղծել արհեստական խոչընդոտներ: Հայկական կողմն առաջնորդվում է ռիսկերի նվազեցման առաջնահերթությամբ և այդ առումով կարևորում է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքները: Միևնույն ժամանակ հայկական կողմը միակողմանիորեն ներդրել է համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս լիովին վերահսկել խախտումները, փաստագրել և անմիջապես տրամադրել համանախագահներին: Նման մեխանիզմի առկայությունը, բնականաբար, բավական կարևոր է այս փուլում, սակայն փոխվստահության մթնոլորտի ապահովման համար ցանկալի է, որ համանման մեխանիզմ ներդրվի միջնորդների կողմից հակամարտության բոլոր կողմերում:

Ինչ վերաբերում է Դուշանբեի պայմանավորվածություններին, ապա այդ հանդիպումից հետո առկա է լարվածության մակարդակի զգալի նվազում, ինչն, իհարկե, բավական կարևոր է, սակայն պետք է նաև փաստել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել առավել երկարաժամկետ կտրվածքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարիներ շարունակ վարած քաղաքականությունն ու ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու ձեռագիրը: Այս համատեքստում, ըստ էության, պետք է մի կողմից արձանագրել դրական միտումը, մյուս կողմից չթուլացնել զգոնությունը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ հակամարտության կարգավորման գործընթացի այս փուլում ամենաէականը պայմանավորվածությունների կատարումն է, ռիսկերի նվազեցումը և իրական արդյունքների արձանագրումը: Այս հարցում կողմերի իրականացրած քայլերը պետք է լինեն փոխադարձ և համարժեք: Իսկ թե ինչ անուններ կունենան պայմանավորվածությունները, այդքան էլ էական չէ:

Գրետա Ավետիսյան

Հայերեն

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը