ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար
3 րոպեի ընթերցում
![ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/961586.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի՝ մահափորձի վերաբերյալ հաղորդումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ադրբեջանը երեք ամիս ունի այն բողոքարկելու համար: Այս մասին Լապշինն ասաց հունվարի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում:
«Ստրասբուրգում արդեն սկսվել են ադրբեջանական կողմի հետ հաղորդակցությունները: ՄԻԵԴ-ն իմ հաղորդումն արդեն վարույթ ընդունել է, դա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական ու կոռուպցիոն քայլեր, որպեսզի դա թույլ չտա, որովհետև մեծ հարված կլինի, երբ դատարանը մահափորձի վերաբերյալ որոշում կայացնի: Ամեն դեպքում դատարանն այդ ամենը վարույթ ընդունել է, և, կարծում եմ, ոչ վերջին հերթին, որովհետև իրենք ամբողջովին վարկաբեկել են իրենց` տարբեր կոռուպցիոն սկանդալներով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով, և այս ամենի ֆոնին իմ պատմությունը շատ հաջող համընկավ: Այսինքն՝ Ադրբեջանն այժմ թուլացած է: Նրանց ուղարկվել են բոլոր փաստաթղթերը, տրված է 3 ամիս բողոքարկելու համար, և մենք այժմ այդ փուլում ենք»,- ասաց Լապշինը:
Բլոգերն ընդգծել էր, որ նմանատիպ գործընթաց սկսվելու է նաև ԱՄՆ-ում:
«ԱՄՆ-ի մասին չեմ ցանկանա դեռ խոսել, որովհետև այնտեղ ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է. և երբ այնտեղ ինչ-որ բան կակտիվանա, այն ժամանակ անպայման կխոսեմ այդ մասին»,- ասաց բլոգերը:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին: