Քաղաքականություն

ԲՀԿ-ն բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով ներկայանալու նպատակներ ունի

3 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով ներկայանալու նպատակներ ունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նոր խորհրդարանում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու նպատակներ ունի: Խմբակցության սկզբունքն է՝ գործել, ինչպես թելադրում է ժողովուրդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 21-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«ԲՀԿ-ն ունի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների նպատակներ։ Մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության սկզբունքով կանցնենք մեր բուն պարտականությունների կատարմանը: Լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիր խմբակցությունների կողմից բարձրացված բոլոր կարևոր հարցերին»,- ասաց Պետրոսյանն ու հավելեց՝ նաև չի կարծում, թե ընդդիմադիր խմբակցության բոլոր նախաձեռնությունները կպսակվեն հաջողությամբ:

Նա նաև նշեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ևս չեն պատրաստվում մեխանիկորեն կողմ քվեարկել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կներկայացնի «Իմ քայլը» խմբակցությունը: Պատգամավորը նկատեց, որ ընթացքում կլինեն ընդդիմախոսություն, բանավեճեր, բայց ԲՀԿ-ի սկզբունքը մեկն է՝ գործել, ինչպես թելադրում է ժողովրդի շահը, հասնել նրան, ինչ ակնկալում է ժողովուրդը: «Խնդիրներն ԱԺ-ում կլուծվեն փոխադարձ հարգանքի պայմաններում, քանզի դրա թիվ մեկ շահառուն ժողովուրդն է»,- եզրափակեց Պետրոսյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Հունվարի 18-ին ԱԺ պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: «Իմ քայլը» խմբակցությանը բաժին հասավ 8, «Բարգավաճ Հայաստան»-ին` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ին 1 հանձնաժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում