Մանե Թանդիլյանը դժվարացավ նշել` Աժ-ում ընդդիմության համար որ պաշտոնն է կարևոր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մանե Թանդիլյանը դժվարանում է նշել՝ ընդդիմության համար իր ղեկավարելիք հանձնաժողովի նախագահի՞, թե ԱԺ փոխխոսնակի պաշտոնն է առավել կարևոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Թանդիլյանին այսպիսի հարցադրմամբ դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը:
«Ազդեցությունները հավասար են, բայց տարբեր. մեկը քաղաքական է, մյուսը՝ մասնագիտական: Անկախ նրանից, թե որ պաշտոնում կլինեմ, այդ պաշտոնի գործառույթներն ամբողջովին իրականացնելու եմ, և այդ վերահսկողական և ազգային ժողովին բնորոշ պարտականությունները լավագույնս իրացնելու եմ: Երբ շեշտում եք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողի՝ երբեք ընդդիմության չպատկանելու մասին, ապա այնտեղ դարձյալ գերակշիռ մասը լինելու են իշխող ուժի պատգամավորները: Եվ այնտեղ առանձնահատուկ հենց հանձնաժողովի ղեկավարի գործառույթն ամենաազդեցիկը չէ այն առումով, որ կազմակերպական, որոշ հայեցողական գործառույթներ նույնպես կան, բայց կապ ունի պատգամավորի գործունեությունը, նվիրվածությունն ու գործի մեջ ամբողջովին ներդրվելու ունակությունը: Սա է այն, ինչ պետք է անի պատգամավորը՝ անկախ նրանից, թե որ պաշտոնում է, և ինչ լրացուցիչ գործառույթներ ունի»,- ասաց Թանդիլյանը:
Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 3 խմբակցությունները առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը 1 հանձնաժողովում:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը: