Քաղաքականություն

Վահե Էնֆիաջյանը խոստանում է լինել «ժողովրդի ձայնը» խորհրդարանում փոխխոսնակ ընտրվելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Վահե Էնֆիաջյանը խոստանում է լինել «ժողովրդի ձայնը» խորհրդարանում փոխխոսնակ ընտրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսացկության՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Վահե Էնֆիաջյանը խոստանում է ընտրվելու դեպքում խորհրդարանում լսելի դարձնել ժողովրդի մտահոգություններն ու առաջարկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էնֆիաջյանն այս մասին ասաց հունվարի 14-ին` ԱԺ առաջին նիստում խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկմանը:

«Մեծ պատիվ է լինել նոր խորհրդարանի փոխնախագահի թեկնածու, իսկ ընդդիմադիր խմբակցության թեկնածու` ավելի պատասխանատու:Մեր խորհրդարանը պետք է դառնա արդյունավետ երկխոսությունների, առողջ բանավեճերի հարթակ, որտեղ բարձրացված խնդիրների վերջնական հանգուցալուծումը պետք է բխի ժողովրդի և պետության շահերից: Ես որպես ընդդիմությունը ներկայացնող փոխխոսնակ՝ ընտրվելու դեպքում լինելու եմ «ժողովրդի ձայնը» խորհրդարանում: Ժողովրդի հոգսերն ու առաջարկությունները բերելու եմ խորհրդարան և անելու եմ առավելագույնը` դրանք լսելի դարձնելու և լուծում տալու համար»,-ասաց թեկնածուն:

Նա շեշտեց, որ պատգամավորի համար չափազանց կարևոր է զգալ, շոշափել հասարակության ազդակներն ու տրամադրությունները և դրանք հաղորդել խորհրդարանին: Էնֆիաջյանը խոստացավ առաջնորդվել այդ սկզբունքով:

Էնֆիաջյանը կարևորեց նաև, որ խորհրդարանում տիրի բնականոն ու ներդաշնակ աշխատանքային մթնոլորտ: Իսկ ԱԺ նախագահությանը համարեց դրա երաշխավորը:

ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրվել են Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից` «Լուսավոր Հայաստան»-ից` Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Վահե Էնֆիաջյանը: Փոխնախագահները կընտրվեն փակ քվեարկությամբ: Փակ քվեարկությամբ ԱԺ նախագահ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում