ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Լենա Նազարյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում առաջադրման հայտարարությունն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Լենա Նազարյանն առանձնանում է իր անաչառ մարդկային հատկություններով, դերակատարում է ունեցել ընտրական գործընթացներն ավելի ժողովրդավարական դարձնելու գործում»,-ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ` Նազարյանը նաև կարևոր դերակատարում է ունեցել նախորդ գումարման ԱԺ-ում: Նրա համար քաղաքացին ու անհատը բարձրագույն արժեքներ են:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի քաղաքական 3 ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ: ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:
«Իմ քայլը» դաշինքն արդեն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը փոխնախագահներից մեկի պաշտոնում:
ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: