Հասարակական

Նիկոլ Փաշինյանը կարևորում է մանկատան երեխաների համար բարձրորակ կրթության ապահովումը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կարևորում է մանկատան երեխաների համար բարձրորակ կրթության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է մանկատան երեխաների համար հատկապես բարձրորակ կրթության ապահովումը: Կառավարության նիստում Փաշինյանը հետաքրքրվեց, թե մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ պետությունն ինչ պարտավորություն ունի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ դա իրենց ամենացավոտ հարցն է: «Մենք մինչև 2013թ. նրանց նկատմամբ բնակարանի տրամադրման պարտավորություն ենք ունեցել ու մեր հերթացուցակում 221 երեխա կա, որոնց նկատմամբ այդ պարտավորությունը կատարված չի եղել, իսկ 167 անձի մեկսենյականոց բնակարան է տրամադրվել տարբեր մարզերում: Մեր խնդիրներից մեկը պետք է լինի այն, թե նրանց 18 տարին լրանալուց հետո իրենց ինչ փաթեթ ենք առաջարկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով, 2013-ից հետո արդեն տրամադրվում է սոցիալական բնակության վայր, սակայն այս պահին, ցավոք, սոցիալական բնակարանային ֆոնդն ամբողջությամբ զբաղված է:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք պետությունը պատշաճ կրթություն է տալիս մանկատան սաներին:

Արսեն Մանուկյանն ասաց, որ այստեղ իսկապես, խնդիրներ կան: «Ես առիթ եմ ունեցել տեսնելու, որ մանկատներից մեկում երեխաները դժվարությամբ էին ճանաչում պատին փակցված հայ մեծերին»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն էլ նկատեց. «Թեև դա ընտրանքի հարց չէ, բայց եթե իմ կարծիքը կհարցնեք,նրանց համար կրթություն ապահովելն ավելի կարեւոր է, քան ցանկացած նյութական միջոցով ապահովելը: Մեր քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ նրանք պատշաճ կրթություն ստանան: Առաջիկայում նախարարությունները պետք է համագործակցեն, որ այստեղ կարողանանք նոր լուծումներ առաջարկել»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում