ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյին (Luis Almagro): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը կարևորեց դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը կազմակերպության աշխատանքներին և հավելեց, որ այն նպաստավոր հարթակ է Հայաստանի և կազմակերպության անդամների միջև երկխոսություն ծավալելու համար: Դեսպանն ընդգծեց Հայաստանի և Կազմակերպության միջև հարաբերությունների զարգացման գործում Գլխավոր քարտուղարի անձնական դերակատարումը:
Լուիս Ալմագրոն շնորհավորեց դեսպան Ներսեսյանին նշանակման կապակցությամբ և հույս հայտեց, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: Նա ափսոսանք հայտնեց, որ չի կարողացել մասնակցել այս տարի Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, բայց վերահաստատեց գալիք տարի Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում` Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և Սիրիայի կրոնական փոքրամասնությունների ու հայ համայնքի խնդիրներին: