Քաղաքականություն

Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Մալթայի արտաքին  գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարնական կապերի աշխուժացումը։

Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան կարևորեցին տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությունը՝ որպես արժեքավոր հարթակ առանձնացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերությանը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդհանուր գործընկերության համաձայնագիրը կարևոր գործիք է Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ զարգացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն, ինչպես նաև խթանելու Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Կարմելո Աբելային ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ ընդգծելով, որ հանգուցալուծման գլխավոր շահառուն մարդիկ են, իսկ հիմնախնդրի առանցքում ընկած է նրանց կենսական անվտանգության ապահովումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում