«Նորամուտ». ինչպես Նարեկ Կազազյանը մանուկ հասակում երկու քանոն փչացնելուց հետո դարձավ հայտնի քանոնահար 

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՔանոնահարՆարեկ Կազազյանը Հայաստանում հայտնի դարձավ դասական «Եվրատեսիլ-2012» մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո: Բազմաթիվ միջազգային ստուգատեսներում հաղթած երաժիշտն այսօր շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել, հանդես է գալիս համերգներով ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Ընդ որում, նվագում է ոչ միայն քանոն, այլև դաշնամուր: Դեկտեմբերի 13-ին Ժնևում մասնակցելու է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով կազմակերպված մեծ համերգին, որին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում: «Նորամուտ»-ի 22-ամյա հերոսն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծում պատմում է առաջին քայլերի, երկու քանոն փչացնելու, ուսուցիչների ու երաժշտական կրթության կարևորության մասին:

Երաժշտական ընտանիք

Մեր ընտանիքում շատ երաժիշտներ կան: Զգում եմ, որ երբեք ինձ չէի պատկերացնի այլ բնագավառում: Եղավ այն, ինչ պետք է լիներ...

Մայրիկս քանոն է նվագել, և տանը եղել է այս գործիքը: Գործիքի նկատմամբ սերը փոխանցվեց ինձ, ես մեծ հետաքրքրություն ունեի գործիքի հանդեպ: Երբ փոքր էի, խնդրում էի, որ բացեն գործիքի տուփը, ինձ խաբում և ասում էին, թե տուփի մեջ մեծ գորտ՝ դոդոշ կա: Թաքուն բացում էի տուփը, քաշ էի տալիս այստեղից այնտեղ: Անգամ երկու քանոն փչացրել եմ, հետո ինքնուրույն սկսել եմ սովորել:

Քանոն ու դաշնամուր

Պետք է ասեմ, որ երաժշտական դպրոց ընդունվել եմ դաշնամուրի դասարան: Ի դեպ, հիմա էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում եմ սովորում՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում: Փոքր հասակում զուգահեռ քանոն էի նվագում: Հավասարապես սիրում եմ թե՛ դաշնամուրը, թե՛ քանոնը:

Քանոնը մեր ժողովրդական նվագարաններից ամենամեծ երկացանկ ունեցող գործիքն է, ինչի համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել Խաչատուր Ավետիսյանին, ով հայկական քանոնի դպրոցի հիմնադիրն է: Նրա շնորհիվ ունենք 8 կոնցերտ քանոնի համար: Չեմ հաշվում մնացած փոքր ստեղծագործությունները, որոնք շատ են և արժեքավոր:

Այլ կերպ նայելով աշխարհին

Երաժիշտներն, ամեն դեպքում, տարբերվում են այլ մասնագիտության տեր մարդկանցից, քանի որ այլ կերպ են նայում աշխարհին,այլ զգացողություններ են ունենում: Ինձ թվում է, որ ամեն ոք պետք է զբաղվի երաժշտությամբ, կարևոր չէ՝ պրոֆեսիոնալ, թե ոչ, քանի որ երաժշտությունը խիստ անհրաժեշտ է զարգացման համար:

Մրցութային հաղթարշավն ու դասական «Եվրատեսիլ-2012»-ը

Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ, եղել է Գյումրիի «Վերածնունդ» մրցույթ- փառատոնը: Ես ամենափոքր մասնակիցն էի, խրախուսական մրցանակ տվեցին: Հետո մասնակցեցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժիշտ-կատարողների մրցույթին, այնուհետև սկսվեցին միջազգային ստուգատեսները:

Դասական «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելն իմ ամենագլխավոր ձեռքբերումներից է: Բայց, ցավոք, մրցույթի պատմության մեջ առաջին և վերջին մասնակիցն եմ եղել Հայաստանից: Ես եմ գտել մրցույթը, հետո դիմեցի Մշակույթի նախարարություն, և այնպես ստացվեց, որ մասնակցեցի մրցույթին: Իհարկե, շատ դժվար ստացվեց, բայց կարևորն այն է, որ, ի վերջո, ամեն ինչ լավ եղավ: Այդ ժամանակ 15 տարեկան էի: Շատ լուրջ էինք պատրաստվել, լուրջ աշխատանք էր կատարվել: Կարծում եմ՝ այնքան էլ հեշտ չէ երկու մրցութային փուլերում նվագելը: Կյանքում երբևէ քանոն չտեսած արտասահմանյան ժյուրիին պետք էր հետաքրքիր ծրագիր ներկայացնել:

Ասեմ, որ բարձր մակարդակի մրցույթ էր, նվագում էինք Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար կարևոր չէր՝ ինչ-որ մրցութային տեղում կհայտնվե՞մ, թե՞ ոչ: Կարևորն այդ նվագախմբի հետ ելույթ ունենալն էր: Փառք Աստծո, արժանացա այդ պատվին, նաև երրորդ տեղը զբաղեցրի մրցույթում:

Քանոնը՝ որպես ժողովրդականություն վայելող գործիք

Քանոնի համար գրված գործերը քիչ են: Նաև հեշտ են՝ այն առումով, որ հաշվի են առնվում գործիքի հնարավորությունները, այսինքն՝ ինչ կարող ես անել: Հիմնականում քանոնի համար գործեր է ստեղծում մեր արդի կոմպոզիտոր, քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանը: Երվանդ Երկանյանն էլ մի քանի ֆանտաստիկ գործ ունի քանոնի համար գրված, հատուկ շնորհակալություն նրան, հուսով եմ՝ էլի կգրի:

Հաճախ եմ կատարում Խաչատուր Ավետիսյանի, Ծովինար Հովհաննիսյանի, Արամ Սաթունցի՝ քանոնի համար գրված գործերը: Կոմիտասի բազմաթիվ փոխադրումներ ունենք: Պետք է շեշտեմ, որ, այնուամենայնիվ, մնացած ժողգործիքների համեմատությամբ քանոնը մեծ երկացանկ ունի:

Ճիշտ հիմք

Հիմա քանոն եմ դասավանդում Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, երկու առաջին դասարանի աշակերտներ ունեմ: Պետք է ասեմ, որ շատ հաճելի է երեխաների հետ աշխատելը: Կարծում եմ, որ երեխայի ամբողջ երաժշտական ճակատագիրը կախված է ճիշտ դրվածքից: Հիմքը ճիշտ պետք է դրվի:

Երեխաներին պետք է կրթել շատ վաղ հասակից, երեխան պետք է ճիշտ երաժշտություն լսի: Չեմ ասում, որ ամեն տեղ կարող ենք լսել դասական երաժշտություն: Օրինակ, ռեստորաններում մենք հազիվ թե կարողանանք Չայկովսկի, Բախ լսել: Բայց հենց վաղ հասակից երեխաներին պետք է ծանոթացնենք լավ երաժշտությանը:

Առաջիկա ծրագրեր

Դեկտեմբերի 13-ին Ժնևում մեծ համերգ կանցկացվի, որը կազմակերպում է տեղի Հայաստանի դեսպանությունը՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի: Այս պահին այդ կարևոր համերգին եմ պատրաստվում: Մի քանի մենահամերգ ունեմ հունվարից: Համերգներ եմ ունենում թե՛ որպես քանոնահար, թե՛ որպես դաշնակահար՝ համատեղելով համերգներս դասերիս հետ: Փորձում եմ ժամանակս ճիշտ ու արդյունավետ կառավարել:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում