ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալել է Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Ուիլյամսին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հյուրընկալել է Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Ուիլյամսին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում խոսվել է եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների, հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, Հայոց եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման մասին: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Անգլիկան եկեղեցու ղեկավարի այցը մեր երկիր նոր ու զորեղ ազդակ կլինի Հայ առաքելական եկեղեցու հետ գործակցության սերտացման համար։ Նշելով, որ պատմության ընթացքում հայ եկեղեցին միշտ էլ կանգնած է եղել ժողովրդի կողքին եւ ազգային ինքնության պահպանման տեսակետից անփոխարինելի դերակատարություն է ունեցել, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այսօր էլ պետության հետ համագործակցությամբ եկեղեցին շարունակում է կարեւոր դեր խաղալ պետականաշինության գործում: Քենթրբերիի արքեպիսկոպոսն ընդգծել է Անգլիական եւ Հայոց եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի դարավոր պատմությունը: Նա եւ Ամենայն հայոց կաթողիկոսը հավաստել են դրանք այսուհետ եւս շարունակելու եւ ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: Զրույցի ընթացքում Քենթրբերիի արքեպիսկոպոսի առաջարկությամբ ՀՀ նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, երկրի տնտեսական վիճակին, զարգացման հեռանկարներին: