Նիկոլ Փաշինյանի հիմնական շեշտադրումները բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում. նա կարևորել է ներառական տնտեսական աճի գաղափարը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տնտեսության զարգացմանը և սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված այն միջոցառումները, որոնք իրենց արտացոլումն են գտել պետական բյուջեի նախագծում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ չնայած պետական բյուջեի նախագիծն ունի իներցիոն բնույթ, սակայն այդուամենայնիվ այնտեղ տեղ են գտել մի շարք «շրջադարձային փոփոխություններ»:

Վարչապետի պաշտոնակատարը ելույթում մատնանշել է հետևյալ փոփոխությունները, որոնք հաշվի են առնվել բյուջետային քաղաքականության մշակման ընթացքում.

  • Միկրոբիզնեսի խրախուսում, որը կիրականացվի հարկերից ազատականացման միջոցով: Այն դեռևս գտնվում է հաշվարկների ու քննարկումների փուլում և դրա միջոցով հնարավոր կլինի խրախուսել տնտեսական գործունեությունը: Միկրոբիզնեսի համակարգի ներդրման արդյունքում 70 հազար քաղաքացիների եկամուտներ կավելանան: Ապագայում հնարավոր է եկամտային հարկի արտոնության տրամադրում մինչև 3 աշխատող ունեցող միկրոբիզնեսի աշխատողներին, ովքեր կվճարեն օրինակ՝ հաստատագրված 5.000 դրամ՝ 23 % եկամտային հարկի փոխարեն։
  • Համահարթ եկամտային հարկի սահմանում, ինչը մի կողմից խրախուսում է բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումը, մյուս կողմից՝ այս և այլ փոփոխություններով մոտավորապես 50 մլրդ և ավելի գումար է ներարկվում տնտեսության մեջ։ Հավելյալ գումարի ուղղություններից մեկը կարող է լինել աշխատավարձերի բարձացումը։
  • Մասնավոր (անհատ) տաքսու վարորդներին արտոնագրային վճարից ազատում. Փորձագիտական գնահատականով՝ շահառուները մոտավորապես 50 հազար հոգի են, որոնց եկամուտները կավելանան՝ Երևանում՝ 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կառավարությունը նախատեսում է ոչ միայն աշխատանքը խրախուսող տնտեսական և բյուջետային քաղաքականության իրականացում, այլ նոր բյուջեով նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես՝

  • Նպաստի տրամադրման պայմանների փոփոխություններ. նպաստների տրամադրումը պետք է լինի հասցեական և նպատակային՝ անաշխատունակ մարդկանց, թոշակառուներին, երեխաներին:
  • Պարենային գծից ներքև գտնվողների նպաստների վերանայում. ՀՀ-ում նախատեսվում է բարձրացնել նպաստը 85 հազար նպաստառուների և թոշակառուների համար՝ լուծելու «հացի» խնդիրը:
  • Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ բարձրացվել են բազմաթիվ աշխատողների աշխատավարձերը։ Սրա արդյունքում 14 մլրդ ՀՀ դրամ տարեկան գումար մնացել է ի տնօրինություն քաղաքացիների:
  • Առողջապահության ոլորտ. պոլիկլինիկաներում կբարձրանան շուրջ 14 հազար աշխատողների աշխատավարձերը:
  • Եկամտային հարկի փոփոխություններ, որի արդյունքում ավելանալու է 210 հազար հոգու աշխատավարձ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կարևորել է ներառական տնտեսական աճի գաղափարը և Հայաստանի տնտեսության զարգացման գործում յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական ջանք գործադրելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարը նաև մատնանշել է այն քայլերն ու թիրախները, որոնք պետք է լինեն կառավարության տնտեսական քաղաքականության ուշադրության կենտրոնում:

  • Առաջնային հարկ վճարողների թվաքանակի ավելացում. այժմ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ, որոնց թիվն առաջիկայում պետք է շեշտակի մեծանա։
  • Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի հարաբերակցության փոփոխություն. 2018թ-ին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է 3%, այնինչ Վրաստանում՝ 26% է, վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ այս ցուցանիշը պետք է բարելավվի:
  • Խստագույն մոտեցում ՀԴՄ կտրոններ տրամադրելու և պահանջելու նկատմամբ՝ շրջանառությունը վերահսկելու, ինչպես նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման նպատակով։
  • Եկամտային հարկի նվազեցմամբ առաջացած բացը լրացվելու է գույքահարկի դրույքաչափի փոփոխությամբ. փորձագիտական գնահատականով՝ գույքահարկով հարկվող գույքի 1%-ի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանվելու դեպքում գույքահարկի ծավալը կարող է կրկնապատկվել:
  • Աշխատանքային պայմանների և իրավունքների բարելավում։
  • Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացում, որը խրախուսվելու է բյուջետային միջոցների հաշվին և մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով:
  • Ներդրումային միջավայրի բարելավում. պետությունը խթանելու է ճանապարհների և նմանատիպ այլ ենթակառուցվածքների շինարարությանը։

Գոռ Ծառուկյան

Հայերեն

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան