Նարեկ և Տիգրան Հախնազարյանները համատեղ սկավառակ են ձայնագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը եղբոր` դիրիժոր, ջութակահար Տիգրան Հախնազարյանի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ սկավառակ է ձայնագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կթողարկվի հաջորդ տարի:

«Ձայնասկավառակում ընդգրկված են Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Կարծում եմ` մեծ իրադարձություն է, երբ եվրոպական ամենահեղինակավոր նվագախմբերից մեկը երկու հայ երաժշտի հետ ոչ միայն նվագում, այլև թողարկում է հայ կոմպոզիտորների գործերը»,-մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Հախնազարյանը:

Անդրադառնալով հետագա ծրագրերին` Հախնազարյանն ասաց, որ մեկ համերգով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր «Wigmore» կամերային համերգասրահում: Նույն դահլիճում ևս երեք համերգով ելույթ կունենա 2019 թվականին:

Հայերեն