Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ. ի՞նչ է սպասվում Հայաստանին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարության շրջանակներում ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»: Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են հատկապես Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները:

Թրամփի քաղաքականությունն Իրանի հարցում էապես տարբերվում է նրան նախորդած Բարաք Օբամայի ռազմավարությունից: Թրամփի վարչակազմը է, որ մտադիր է կանխել միջուկային զենք և հրթիռային համակարգեր ձեռք բերելու իրանական վարչակազմի բոլոր փորձերը, ինչպես նաև չեզոքացնել Իրանի կառավարության ազդեցությունը տարածաշրջանում: Միացյալ Նահանգները Իրանին մեղադրում է նաև տարածաշրջանային երկրների գործերին «միջամտելու» և «ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Թեհրանի նկատմամբ ճնշումների համար որպես գործիք այս փուլում դիտարկվում է պատժամիջոցների վերականգնումը և նորերի սահմանումը: Ընդ որում, այս հարցում ԱՄՆ-ը պահանջում է ողջ միջազգային հանրության աջակցությունը՝ հայտարարելով, որ ակտիվացնելու է տարածաշրջանի իր դաշնակիցներին՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու համար:

Հենց սրանում էլ կայանում է գործընթացի գլխավոր մարտահրավերը: Ամերիկյան սպառնալիքները հատկապես մտահոգիչ են Իրանի հիմնական գործընկերների, ինչպես նաև հարևան տարածաշրջանների համար: Թեհրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան քաղաքականության համատեքստում Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասը, այդ թվում նաև Հայաստանը, առանձնահատուկ կարևորություն ունի: Այս մասին է փաստում նաև հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան:

Մասնավորապես, ԱՄՆ-ը մտահոգություններ ունի հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առնչությամբ, ինչը հստակ նշմարվեց ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարություններում: Մասնավորապես, ամերիկյան կողմը Հայաստանից ակնկալում է քննադատական հայտարարություններ Իրանի հասցեին, ինչպես նաև աջակցություն տարբեր միջազգային կառույցներում Իրանին առնչվող հարցերի քվեարկության ժամանակ:

Միևնույն ժամանակ, երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան կողմի սպառնալիքները կարող են խոչընդոտներ ստեղծել հատկապես էներգետիկ և ֆինանսական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության խորացման համար: Մյուս կողմից, ամերիկյան պատժամիջոցների փուլային վերականգնումը և դրա հետևանքով Իրանի տնտեսական ներուժի թուլացումը կարող է ազդել հայ-իրանական համագործակցության տեմպերի և համատեղ նախագծերի իրականացման վրա:

Հատկանշական է, որ այս հարցում Հայաստանը բավական բաց և թափանցիկ քաղաքականություն է վարում: Նույն Ջոն Բոլթոնի ացի շրջանակներում հայկական կողմը հստակ ներկայացրեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, և ՀՀ վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ բացառապես բխում է մեր կենսական շահերից:

Ընդ որում, նույնը չենք կարող ասել հարևան Ադրբեջանի մասին, որն, ընդհանուր առմամբ, դեմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ կախված նրանից, թե դրա դիմաց ինչ երաշխիքներ կառաջարկեն ԱՄՆ-ը և Իսրայելը: Ի դեպ, Ադրբեջանն արդեն իսկ ակտիվ քայլեր է իրականացնում այս ուղղությամբ՝ հիմնավոր կասկած առաջացնելով, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է բացահայտ պլացդարմ դառնալ Իրանի դեմ առանձին գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը, որն իրականացվում էր Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև պայմանավորվածության շրջանակներում:

Հաշվի առնելով նախկին պատժամիջոցների ժամանակ Իրանի հետ արդյունավետ համագործակցության փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ԱՄՆ-ը կարող է նաև բավական ճկուն գտնվել իր դիրքորոշման մեջ (օրինակ, 8 երկրների համար բացառություն է սահմանվել իրանական նավթ գնելու հարցում)՝ կարելի է հույս հայտնել, որ ճիշտ աշխատանքի պարագայում վերոնշյալ խոչընդոտները հաղթահարելի են: Հենց այս տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանը հանդես է գալիս իրանական ճգնաժամի շուտափույթ հաղթահարման օգտին՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումը և Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը:
Հայերեն

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին