Դաշնակահարուհին իր մենահամերգը կնվիրի Կոնստանտին Օրբելյանի հոբելյանին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանը կնշանավորվի դաշնակահար Արուս Աճեմյանի մենահամերգով: Այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Երեկոյին կհնչեն ինչպես Օրբելյանի, այնպես էլ կոմպոզիտորի ժամանակակիցների ստեղծագործություններ:

«Համերգային ծրագիրն ինձ համար շատ պատասխանատու է, քանի որ այն նվիրում եմ իմ սիրելի մաեստրոյի հոբելյանին: Կատարելու եմ Օրբելյանի հինգ դաշնամուրային ստեղծագործությունները, որոնք ինձ են նվիրված, և որոնք ես բազմիցս նվագել եմ աշխարհի տարբեր ծայրերում: Ներկայացնելու եմ նաև Օրբելյանի ընկերների` Սարյանի, Միրզոյանի, Բաբաջանյանի, Աճեմյանի գործերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշնակահարուհին:

Նա ընդգծեց, որ Կոնստանտին Օրբելյանից շատ բան է սովորել` մանրակրկիտ աշխատանք, բեմական վարվելաձև: «Իմ առաջին բեմական քայլերից սկսած Կոնստանտին Օրբելյանը կողքիս է եղել»,-շեշտեց դաշնակահարուհին:

Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանն ասաց, թե պատահական չէ, որ Արուսն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման և ՀՀ նախագահի մրցանակի, քանի որ նա աշխարհով մեկ ներկայացնում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Կոնստանտին Օրբելյանը Արուս Աճեմյանի համար ստեղծագործություններ է գրել և այդ նոտաները նվիրել նրան: Հետագայում Արուսը կորոշի, թե ում է արժանացնելու այդ ստեղծագործությունները կատարելու պատվին»,-նշեց նա:

Նուրիջանյանը նշեց, որ այն դաշնամուրային գործերը, որոնք հնչելու են համերգին, Հայաստանի հանդեպ Օրբելյանի կարոտի արտահայտությունն են:

«Երջանիկ եմ, որ Արուսը նման համերգ է նախաձեռնել` ի հիշատակ իմ սիրելի հորեղբոր: Արուսը և Օրբելյանը շատ մտերիմ են եղել: Նա ասես այն դուստրն էր, որի մասին միշտ երազել էր Կոնստանտին Օրբելյանը: Ես շատ երախտապարտ եմ, որ Արուսը կատարում է Օրբելյանի ստեղծագործությունները: Նա ամենուր է հնչեցնում այդ հրաշալի, վառ, ինքնատիպ գործերը, որոնք տիպիկ օրբելյանական ոճով են»,-ասաց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Խոսելով օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի հոբելյանի կապակցությամբ համերգային ծրագիր կամ որևէ ներկայացում իրականացնելու մասին` Օրբելյանը նշեց, որ թատրոնը բավականին ծանրաբեռնված տարի է ունեցել` հագեցած առաջնախաղերով: Դա է պատճառը, որ դեռ չեն հասցրել իր հորեղբորը նվիրված ծրագիր իրականացնել: «Չնայած այդ ամենին` պատրաստվում ենք օպերային թատրոնի բեմ բարձրացնել «Անմահություն» բալետային ներկայացումը»,-եզրափակեց նա:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, ինչի պատճառով նրան հեռացրել են դպրոցից: Օրբելյանը եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: 1942-ին աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց զինվորական նվագախմբի հետ համերգներով հադես է եկել Երևանի տարբեր բեմերում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945 թվականից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»:

1952 թվականին ընդունվել է ԵրևանիՌ. Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարան, որից հետո` ԵրևանիԿոմիտասիանվան պետական կոնսերվատորիա: Գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: Եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: Գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի ստեղծագործություններն են «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք»:

Կոնստանտին Օրբելյանը կյանքից հեռացել է 2014 թվականին:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր