Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից
2 րոպեի ընթերցում
![Համաներման մասին նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/952175.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ քրչեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը հանվել է հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացվեց«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկել հոկտեմբերի 31-ին հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: