Քաղաքականություն

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

3 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասի ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ընտրական օրենսգրքին մենք նայում ենք առանձնաբար: Միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,-ասաց Ռուստամյանը:

Նա նկատեց՝ ընտրական օրենսգրքում դրական տեղաշարժեր կան, ինչու պետք է դեմ քվեարկեն: Միևնույն ժամանակ այս ընտրական օրենսգրքով հապշտապ ընտրությունների գնալը սխալ են համարում: Օրենսգրքի ընդունման համար 24-ժամյա ռեժիմի ընդունումը ևս սխալ է համարում:

Ռուստամյանը նշեց նաև՝ Ընտրական օրենսգրքում իրենց երեք առաջարկները չեն ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ:

Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում