Տնտեսություն

Հակոբ Արշակյանը ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը ընդունել է ԱԶԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։

Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի գործունեության ընթացքում կատարված աշխատանքները՝ դրանցում առանձնացնելով հատկապես ճանապարհաշինական, ենթակառուցվածքային ծրագրերը, ընդգծելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին», Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Հակոբ Արշակյանն ընդգծել է ճանապարհաշինական ծրագրերում բարձր որակ ապահովելու և նախանշված ժամկետները պահպանելու կարևորությունը։

Անդրադարձ է եղել նաև հեռանկարային ծրագրերին, մասնավորապես, տրանսպորտային համակարգերի, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում