Ֆրանկոֆոնիայի հիմնաքարերն են եղբայրությունը, խաղաղությունն ու արդարությունը. Էմանուել Մակրոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելով: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: Փարիզում, Մարսելում, Լիոնում կամ այլուր Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում»,- ընդգծեց Էմանուել Մակրոնը:

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաև լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով, որ նա Հայաստանի, Ֆրանսիայի, Ֆրանկոֆոնիայի խորհրդանիշն է: «Նա երգի հսկա տաղանդ էր, ով երգում էր մեր երջանկության, դժբախտությունների, կյանքի նկատմամբ մեր թեթև մոտեցումների մասին: Նա երգում էր մի հատուկ թախիծով, որը յուրահատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց: Մենք բոլորս գիտենք, որ նա հայ է, երգում և պահպանում էր հայկականությունը, խրախուսում էր քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, որի զոհն էր նաև ինքը, ես ցանկանում եմ հնչեցնել այդ մեծ մարդու անունը՝ Շառլ Ազնավուր».- ընդգծեց Մակրոնը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ Երևանում այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: «Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասաց Մակրոնը:

Նա հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովը կազմակերպվում է մի յուրահատուկ պահի, երբ տեսանելի են աշխարհում տեղի ունեցող հսկայական փոփոխություններ: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում: «Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ: Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը: Նրա գնահատմամբ՝ Ֆրանկոֆոնիան չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր, այլ այն արժեքների հարթակը, որոնց շուրջ իրենք միավորվել են:

Հայերեն English Français Русский

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը