Կայունացման միտում և խուճապ՝ Իրանի արտարժույթի շուկայում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտարժույթի շուկան մի քանի ամիս է, ինչ գտնվում է ճգնաժամային իրավիճակում, որը կարծես թե հոկտեմբերի սկզբից աստիճանաբար սկսում է կարգավորվել: Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով պայմանավորված 2018թ. սկզբին Իրանում սկսված բողոքի ցույցերին հաջորդած շրջանում արագ տեմպերով սկսվեց արժեզրկվել իրանական ռիալը (գործնականում սակայն գործածելի է թումանը՝ 1 զրոյով պակաս): Եթե շուրջ 10 ամիս առաջ 1 ամերիկյան դոլարն Իրանում վաճառվում էր 3000-3500 թումանով, ապա սեպտեմբերի վերջին արդեն հասավ 17000-19000 թումանի:

Իրանի կառավարությունն այդ ընթացքում թեև փորձում էր միջանկյալ որոշ լուծումներ տալ, սակայն իրավիճակը գնալով ավելի էր բարդանում:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան, սակայն Իրանի արտարժույթի շուկայում դոլարի արժեզրկման գործընթաց սկսվեց՝ 18000 թումանից հասնելով մինչև 8000 թումանի, ինչը վերջին ամիսների համար աննախադեպ երևույթ էր: Դոլարի կտրուկ արժեզրկման գործընթացը, սակայն խուճապ առաջացրեց քաղաքացիների շրջանում. այն մարդիկ, որոնք իրենց խնայողությունները պահել էին դոլարով, վերջինիս արժեզրկումից հետո շտապում են արագ ազատվել դրանից: Մաշհադում նույնիսկ ցավալի դեպք տեղի ունեցավ: Խորասան-է Ռազավի նահանգի դատախազության հաղորդմամբ՝ 44-ամյա տղամարդը, լսելով դոլարի կտրուկ արժեզրկման մասին լուրը, սրտի կաթված է ստացել և մահացել:

Առաջին օրերին Իրանի խոշոր քաղաքների բնակիչները լուսացրել են փողոցներում՝ փորձելով օր առաջ վաճառել իրենց ունեցած խնայողությունները: Ստեղծված խուճապային իրավիճակը կարգավորելու նպատակով Իրանի կենտրոնական բանկն իր ունեցած գործիքակազմի միջոցով փորձում է վերահսկել իրավիճակը:

Իրանական ռիալի արժևորումը պայմանավորված է մի քանի գործոնով: Ինչպես պնդում են իրանցի ֆինանսական փորձագետները՝ դոլարի այդչափ արժևորումը մեծ հաշվով չուներ տնտեսական հիմնավորում: Իրանական ռիալի արժեզրկման վրա նշանակալի ազդեցություն էր գործում նաև «սև շուկայում» գործող խմբավորումների գործունեությունը, որի հետևանքով հասարակության շրջանում խուճապ էր առաջանում:

Իրանի ֆինանսական շուկայի կարգավորմանը նպաստող գործոններից էին ԻԻՀ կենտրոնական բանկի ղեկավար կազմի փոփոխումը և կառավարության ձեռնարկած համալիր միջոցառումները, որոնք արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը: ԻԻՀ ԿԲ-ն նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո սեպտեմբերի 29-ին որոշում կայացրեց արտարժույթի իր պահուստային միջոցները ներդնել շուկա՝ դոլարի արժևորումը կանխելու նպատակով: Կենտրոնական բանկի մյուս կարևոր քայլն այն էր, որ եթե մինչ այդ արտարժույթի առք ու վաճառքով զբաղվում էին միայն փոխանակման կետերը, ապա ԻԻՀ կառավարությունն այժմ կենտրոնական բանկին թույլատրել է իրանական բանկերին ևս շնորհել արտարժույթի փոխանակում իրականացնելու լիազորությամբ:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՄԱԿ-ում Իրանի նախագահի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների միջև կայացած հանդիպումները, և այդ երկրների կողմից Իրանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակելու մասին հավաստիացումները ևս իրենց դրական ազդեցությունն ունեցան: Ավելին՝ ըստ Իրանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ կողմերը պետք է առաջիկայում սկսեն այլ եղանակով բանկային փոխանցումներ իրականացնել:

Մյուս կարևոր գործոններից կարելի է նշել արտարժույթի «ներկրման» սահմանափակումների վերացումը, նավթի համաշխարհային գների բարձրացումը և Իրանի խորհրդարանի կողմից Փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների (FATF) հաստատման հավանականությունը:

Նախօրեին իրանական բանկերը 1 ամերիկյան դոլարը վաճառել են 9500 թումանով, փորձագետների գնահատմամբ՝ շուկայի կարգավորումից հետո արտարժույթի ողջամիտ փոխարժեքը պետք է տատանվի 8000-10000 թումանի միջակայքում:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ ամիսներ շարունակ Հասան Ռուհանիի կառավարության գործադրած ջանքերից հետո (ԿԲ ղեկավարության փոփոխություն, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի և տնտեսական ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաների պաշտոնանկություններ և այլն) հաջողվում է կարգավորել արտարժույթի շուկան, ինչն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Իրանի իշխանությունների համար կարևոր նշանակություն ունի՝ հասարակությանը ցույց տալու, թե կառավարությունն ի զորու է կարգավորել երկրում առկա խնդիրները:

Օրերս Հաագայի միջազգային դատարանը բավարարել է Իրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ կապված վերջինիս սահմանած պատժամիջոցների հետ: Արդարադատության միջազգային դատարանի այդ որոշումը նոյեմբերի 4-ին սպասվող ամերիկյան նոր պատժամիջոցների մեկնարկին ընդառաջ, իհարկե՛, Իրանի համար դիտվում է որպես դիվանագիտական լուրջ հաջողություն, սակայն Իրանի կառավարությունը գիտակցում է, որ ինչպես վերոնշյալ փաստը, այնպես էլ տնտեսական իրավիճակը կարգավորելուն ուղղված իշխանությունների ջանքերը միայն կարող են կարճատև արդյունք ապահովել:

Հատկանշական է, որ եթե մայիսի սկզբին՝ Միացյալ Նահանգների՝ միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո Իրանը որոշակի վերապահում ուներ Եվրոպայի դիրքորոշման նկատմամբ, ապա վերջին շրջանում եվրոպական երկրների իրականացրած մի շարք քայլերից հետո արդեն Իրանում կա ընկալում, որ Եվրոպայի վճռական դիրքորոշումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ, ուստի իրանական դիվանագիտությունն իր ողջ ջանքերը գործադրում է, որպեսզի կարողանա Եվրոպայի հետ ունեցած պայմանավորվածություններն իրականություն դարձնել:

Իսրայելյան Արմեն

Հայերեն

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը