Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական հանգուցալուծման վերաբերյալ դժվար է հստակ կանխատեսում անել, բայց այն, որ կարող է լինել ներկա շրջափուլի հանգուցալուծում, ակնհայտ է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով պատանդների ու ռազմագերիների երկուստեք փոխանակմանն ու պաղեստինցիների վերադարձին Գազային հյուսիսային հատված։
«Այն պայմանները, որոնց ներկայում հասել են հակամարտող կողմերը, տևական ժամանակ քննարկվող գործարքի հիմնական սկզբունքներն են ներկայացնում և բովանդակային լուրջ փոփոխություններ չեն կրել։ Պարզապես այդ գործարքի կայացումը հնարավոր եղավ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունները, մասնավորապես ԱՄՆ-ում նոր վարչակազմի ընտրությունը։ Իսրայելը գնաց գործարքի՝ փորձելով Միացյալ Նահանգների նորընտիր վարչակազմի հետ ավելի դրական օրակարգով սկսել իր հարաբերությունները»,- ասաց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ մյուս գործոնն այն է, որ տարածաշրջանային իրողություններով պայմանավորված՝ արդեն Սիրիայում, Լիբանանում, ընդհանուր Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի թուլացման և Իսրայելի կողմից իր անվտանգային միջավայրի էականորեն բարելավման արդյունքներով է տեղի ունենում տվյալ գործարքը, ինչը կարելի է համարել որոշակի հանգուցակետ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր շրջափուլին ընդառաջ, բայց որևէ կերպ չի կարելի համարել կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծում։
Անդրադառնալով ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ 500 հազար մարդ վերադարձել է Գազայի հյուսիսային հատված, Պետրոսյանն ընդգծեց, որ նրանցից որևէ մեկը չի կարող տալ պատերազմական գործողությունների ավարտի երաշխիք, պարզապես վարադարձողները նրանք են, ովքեր հակամարտության ընթացքում ստիպված էին իսրայելական բանակի գործողությունների հետևանքով լքել տարածաշրջանը։
«Իսրայելն ամբողջությամբ ամայացրել էր այդ տարածքը և նրա նպատակն էր ընդհանրապես այդտեղ մարդկանց վերադարձ թույլ չտալ ու նաև ԱՄՆ-ի աջակցությամբ նրանց տեղավորել Մերձավոր Արևելքի արաբական երկրներում, ինչը չիրականացավ։ Պաղեստինցիները պարզապես անօթևան չմնալու համար գերադասել են վերադառնալ իրենց տները՝ անկախ նրանից, թե ինչպիսի վիճակում են դրանք գտնվում և փորձում են վերականգնել իրենց օթևանները՝ ձգտելով վերադառնալ նախկին կյանքին։ Նրանք հույս ունեն, որ անվտանգային առումով իրենց վիճակը համեմատաբար ավելի կանխատեսելի է, քան մինչև Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը, որովհետև այս պահին ավելի երկար պատերազմի ակտիվացման ու տևականության հնարավորությունը գրեթե զրոյական է։ Պաղեստինցիները տեսել են հակամարտության հետ կապված բովանդակային փոփոխություն, ինչն ավելի նախընտրելի է դարձնում նրանց վերադարձն իրենց տներ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խոսելով օրեր առաջ Թուրքիայում Էրդողանի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ Թուրքիան այս պահին շարժվում է ըստ իրավիճակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն Թուրքիան տևական ժամանակ եղել է ՀԱՄԱՍ-ի հիմնական հովանավորներից մեկը գոնե քաղաքական առումով և դիվանագիտական հարթությունում։ Վերլուծաբանի կարծիքով՝ պարզապես նոր իրողությունների պայմաններում, երբ արդեն իսկ արձանագրվել է Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքը, և կան որոշակի երաշխիքներ այդ գործարքի իրականացման հետ կապված, Թուրքիան ցանկանում է մնալ ջրի երեսին և դուրս չմղվել գործընթացներից։
«Բայց ակնհայտ է, որ նույն Թուրքիայի հովանավորյալ կառույցն, ըստ էության, պարտվել է պատերազմում, զգալիորեն թուլացել է նրա ազդեցությունը թե՛ Գազայի հատվածում, թե՛ ընդհանրապես տարածաշրջանում։ Այս պահին ընդունելով առկա իրադրությունն ու քայլ կատարելով ՀԱՄԱՍ-ի նկատմամբ՝ Թուրքիան փորձում է նաև սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը ցույց տալ, որ իր ստանձնած պարտավորությունների տերն է և որևէ լուրջ փոխզիջման չի գնալու՝ պաշտպանելով իր հովանավորյալ կառույցի և պաղեստինցի ժողովրդի շահերը։ Անկարան չի խոսում պատերազմի հետևանքների մասին, այլ ընդգծում է իր դերը, որը եղել է նախկինում, կա և կլինի ապագայում թուրքական հավակնությունների համատեքստում»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։