Քաղաքականություն

Նորվեգիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է ՀՀ–ի ժողովրդավարական ուղուն բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում

3 րոպեի ընթերցում

Նորվեգիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է ՀՀ–ի ժողովրդավարական ուղուն բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում

Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին կարևորել է Հայաստանի բռնած ժողովրդավարության ուղին՝ շատ բարդ աշխարհաքաղաքական հարևանության պայմաններում: Ղարահխանին նման դիրքորոշում հայտնեց Հայաստան այցի շրջանակում «Արմենպրես»-ի հետ զրույցում:  

«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական հարևաններ ունի, բայց այն միակ երկիրն է, որն իսկապես ցանկանում է առաջ գնալ ժողովրդավարությամբ, հակակոռուպցիոն և ճիշտ արժեքներով: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել՝ կիսվելով նրանով, թե ինչպես է մեր երկիրը կառուցվել այդ արժեքների վրա»,–ասաց Նորվեգիայի խորհրդարանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության հնարավոր ուղղություններին:  

Նա նշեց նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորության մասին: Ղարահխանին ընդգծեց՝ Նորվեգիան նավթի և գազի առումով կարևոր երկիր է, բայց նաև ցանկանում է ապագայում ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում։ 

Ղարահխանին շեշտեց՝ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց կիսում է նույն արժեքները, ինչ ԵՄ-ն։  

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հետ կապված որոշակի գործընթացներին ու ակնկալիքներին՝ նա դա դրական գնահատեց:

«Եթե ուզում եք լինել ԵՄ անդամ, պետք է աշխատեք։ Պետք է աշխատեք՝ հավաստիանալու, որ ձեր երկիրը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, գենդերային հավասարության, մարդու իրավունքների վրա»,–ասաց Նորվեգիայի խորհրդարանի նախագահը: 

Նորդիկ–Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակները, փոխխոսնակները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ վարչապետի ու նախագահի հետ: Նրա խոսքով՝ իր գործընկերները, որոնք ԵՄ անդամ են, Հայաստանի ԱԺ նախագահին իրենց աջակցությունն են հայտնել առ այն, որ կանեն ամեն ինչ՝ խթանելու գործընթացը Հայաստանի բռնած ճանապարհին: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այս գործընթացում միջազգային հանրության հնարավոր անելիքների ու դերակատարության վերաբերյալ հարցին՝ Նորվեգիայի խորհրդարանի նախագահն ասաց. «Ձեր ուղին դեպի եվրատլանտյան լուծում կախված է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններից: Ուստի, կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դրդի՝ հասնելու խաղաղության»:

Նա ընդգծեց խաղաղության վերաբերյալ համաձայնության հասնելու կարևորությունը: 

Ղարահխանին նկատեց՝ ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գնալով քչանում է, և ժողովրդավարական երկրները, ինչպիսին Հայաստանն ու Նորվեգիան են, պետք է աջակցեն միմյանց:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում