Արա Բաբլոյանն Արցախում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապոերի վարչությունից, սեպտեմբերի 28-ին Արա Բաբլոյանը Ստեփանակերտում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին ու Միկայիս Գիորգալասին: Այցն Արցախ նախաձեռնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին առնչվող հարցերի բարձրացմանը եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Նա Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում առանձնակի կարեւորել է պատգամավորի հաճախակի այցերն Արցախ:

Խոսելով միջազգային հարթակներում համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսի համար առանցքային նշանակության հարցերում մշտապես աջակցել է կիպրական կողմին և գոհունակությամբ փաստել, որ այդ գործելաոճը փոխադարձ է:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ մեր երկրում տեղի ունեցած վերջին շրջանի իրադարձությունները վառ վկայությունն էին, որ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր հիմքերի վրա է դրված: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, և ժողովրդավարությունն առավել զարգացնելու նպատակով ինքը բոլոր միջազգային հանդիպումներում գործընկերներին հորդորում է աջակցել ՀՀ նոր կառավարությանը։

Էլենի Թեոխարուսը համոզմունք է հայտնել, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին է եղել՝ նշելով. «Մենք հիացած ենք ձեր ձեռքբերումներով, ազատության եւ ինքնորոշման համար ձեր մղած պայքարով»: Պատգամավորն ընդգծել է, որ շարունակելու է Եվրախորհրդարանում աջակցել Արցախին առնչվող նախաձեռնություններին եւ լինել հայ-կիպրական հարաբերությունների ամրապնդման ջատագովը: Խոսելով ներհայաստանյան վերջին իրադարձությունների մասին՝ Էլենի Թեոխարուսն ասել է. «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի իմաստությամբ»:

Հայերեն Français

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան