Կոմիտասի 149-ամյակը նշանավորվում է գիտաժողով-փառատոնով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ… »:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդապետի մասին այսպես է գրել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:

Սեպտեմբերի 26-ին նշվում է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի 149-ամյակը:

Կոմիտասի տարեդարձին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) համերգային ծրագրով սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը։

Գիտաժողով-փառատոնի շրջանակում միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և համալսարանային ասոցիացիայի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին Սորբոնի մեծ դահլիճում կիրականացնի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողով, խմբերգային երաժշտության երեկո:

Գիտաժողով-փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Հառիճավանքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) կկատարի Կոմիտասի «Պատարագը»։

Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`երաժշտասեր ընտանիքում: Մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը մեկնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Մանուկ Սողոմոնը գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Քսան թեկնածուից ընտրվում է նա։ 1890 թվականին դառնում է սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան շնորհվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին` փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում և յուրացնում է հարմոնիայի դասընթացը։

Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899 թվականին վերադառնում է Էջմիածին և ղեկավարում տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջաններում՝ փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Նա հավաքում է մոտավորապես 3 000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ «Պատարագն» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։

Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվականից հետո ապրել և աշխատել է Պոլսում, որտեղ հիմնել է 300 անդամից բաղկացած«Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլի 24-ին, այլ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է աքսորից։

Կոմիտասը տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ 1935 թվականին մահացել է հոգեբուժական կլինիկայում։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում