Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը. Էդուարդ Շարմազանով
2 րոպեի ընթերցում
![Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը. Էդուարդ Շարմազանով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948524.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Բրեստում տեղադրված հայ հերոս զինվորների հիշատակին նվիրված խաչքարին ու հարգանքի տուրք մատուցել:
Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական պատերազմի առաջին օրերից տասնյակ հազարավոր հայ զինվորներ մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը ֆաշիզմից: Վեց հարյուր հազար հայ զինվորներից ավելի քան երեք հարյուր հազարը ռազմաճակատից չվերադարձան: Նրանցից շատերը զոհվեցին Բելառուսի ազատագրման ժամանակ: Պաշտպանելով Բրեստը եւ Մինսկը՝ նրանք պաշտպանում էին նաեւ Երեւանն ու ողջ Հայաստանը: Հավերժ փառք նրանց հիշատակին»:
Նշենք, որ Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» ռազմական գործողության ղեկավարներից մեկը հռչակավոր հայ զորավար մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր: