Հասարակական

Կամո Արեյանը վստահեցնում է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով

2 րոպեի ընթերցում

Կամո Արեյանը վստահեցնում է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը վստահեցնում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որևէ շեղում չկա: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանն ընդգծեց, որ ամեն ինչ ընթանում է օրենքով սահմանված ընթացակարգով, ինքը կշարունակի կատարել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների՝ մինչև նոր ավագանու և քաղաքապետի ընտրությունները: «Ընտրությունների օրն արդեն որոշված է, Ընտրական օրենսգրքին համապատասխան կընթանան բոլոր գործընթացները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արեյանը:

Կամո Արեյանն ընդգծեց, որ մարդկային նորմալ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ ընդգծելով, որ հրաժարականից հետո Տարոն Մարգարյանի հետ հանդիպում ունեցել է: «Այո, հանդիպել եմ Տարոն Մարգարյանի հետ: Դադարել են նրա լիազորությունները, սակայն կյանքը և մարդկային հարաբերությունները չեն դադարել»,- ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին՝ քննարկվող թեկնածուներից ո՞ւմ է տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում, Կամո Արեյանը պատասխանեց, որ Երևանի ավագանու ընտրությունները դեռ առջևում են, իսկ իր տեսլականը նախընտրում է գաղտնի պահել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում