Կանանց հասարարական դերի բարձրացում, թե՞ ուղղակի ներկայացվածության ավելացում ԱԺ-ում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական դաշտում և կառավարման օղակներում կանանց ներգրավվածության անհրաժեշտության մասին գիտակցում և բարձրաձայնում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Թվում է, թե 21-րդ դարում, երբ ՄԱԿ-ի՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» և «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիաները ստորագրել են անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, ոլորտում խնդիրներ պետք է չլինեն: Բայց իրականությունն այլ բան է փաստում: Inter-Parliamentary Union (IPU)-ի տվյալներով աշխարհի բոլոր խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը կազմում է միջինը 24%: Այս ցուցանիշը վկայում է, որ խորհրդարաններում գենդերային հավասարակշռության խնդիրը մնում է անկատար, իսկ կանանց հասարակական-քաղաքական դերը՝ թերագնահատված:

Խորհրդարաններում կանանց ներկայացվածության աստիճանը բավական ցածր է թե՛ զարգացած ժողովրդավարություններում, թե՛ ժողովրդավարացման ուղին բռնած պետություններում: IPU-ի տվյալներով՝ «ամենաժողովրդավարական» համարվող ԱՄՆ-ում կանանց ներկայացվածությունն օրենսդիր մարմնում կազմում է ընդամենը 20%: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում 102-րդն է: Իրավիճակը այլ է Եվրոպայում: Մասնավորապես, Ֆրանսիայում կանայք խորհրդարանում կազմում են 39%, Մեծ Բրիտանիայում՝ 32%, Գերմանիայում՝ 30%: Թեև կանանց իրավունքների պաշտպանության մասին թեզը բնորոշ է արևմտյան քաղաքական մշակույթին, վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց ամենամեծ ներկայացվածությունն ունի Ռուանդայի խորհրդարանը՝ 61%: Դրան հաջորդում են Կուբայի և Բոլիվիայի խորհրդարանները՝ 53-ական տոկոս կանանց ներգրավվածությամբ:

Հայաստանում կանայք խորհրդարանում 18% են կազմում: Հայաստանն այս ցուցանիշով մի փոքր առաջ է իր հարևաններից. Ադրբեջանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 17% է, Վրաստանում ՝ 16%, Թուրքիայում՝ 14%, իսկ Իրանում՝ 6%:

Հայաստանում այս ցուցանիշը կարող էր ավելի բարձր լիներ, քանի որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է համամասնական ցուցակի յուրաքանչյուր երրորդ համարում առաջադրել կնոջ թեկնածություն: Դա հնարավորություն կտար մի քանի տարի անց ուժի մեջ մտնող դրույթներով խորհրդարանում ապահովել կանանց 33% ներկայացվածություն, հատկապես, որ օրենքը պահանջում է համամասնական ցուցակի կին թեկնածուի ինքնաբացարկի դեպքում մանդատը հանձնել ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: Բայց գործող օրենսգրքի համաձայն այս եղանակով ձևավորվում է խորհրդարանի 50%-ը միայն: Խորհրդարանի մյուս 50%-ը ձևավորվում է ռեյտինգային ընտրակարգով, որի դեպքում կանանց ներկայացվածությունը քվոտավորված չէ: 2017թ.-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան էր անցել ընդամենը մեկ կին պատգամավոր:

Հատկանշական է, որ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներից մեկում անդրադարձել է խորհրդարանում կանանց ներկայացվածության խնդրին: Քննարկման մասնակից կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները խորհրդարանում սեռերի միջև 30/70 հարաբերակցությունը համարել են ոչ բավարար և առաջարկել են կրճատել այդ տարբերությունը՝ ընդհուպ մինչև 40/60: Հաշվի առնելով, որ ԸՕ քննարկումներում այս հարցը պարբերաբար արծարծվում է, հնարավոր է՝ հաջորդ խորհրդարանում ունենանք կանանց ներկայացվածության ավելացում:

Բայց հանուն ճշմարտության փաստենք, որ խորհրդարանում կանանց ավելի մեծ ներկայացվածության հնարավոր չէ հասնել մեկ օրում, քանի որ դրա վրա ազդում են և՛ քաղաքական մշակույթը և՛ ժողովրդավարության մակարդակը: Ուստի ժամանակ է անհրաժեշտ հասնելու այն գիտակցման, որ կանանց ներկայացվածությունը քաղաքականությունում, որոշումների ընդունման ոլորտում և, հատկապես, երկրի խորհրդարանում ինքնանպատակ չէ: Խորհրդարանն այն մարմինն է, որը պետք է արտահայտի ամբողջ հասարակության շահերը և եթե հասարակության 52.5%-ը կազմում են կանայք, ապա այդ խորհրդարանում կանայք պետք է ունենան ավելի մեծ ներկայացվածություն իրենց շահերը լսելի դարձնելու և առկա խնդիրներին համակողմանի լուծում տալու համար:

Ժակլին Արզումանյան,

Քաղաքագետ

Հայերեն

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA