Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտության. դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի «Նորամուտ»-ը 

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նրա մուտքը երաժշտության ասպարեզ կարծես ծնված օրվանից կանխորոշված լիներ: 2-3 տարեկանը բոլորած աղջիկն արդեն իսկ նվագելու հակում ուներ: Իսկ ավելի ուշ նա սկսեց մասնակցել մրցույթների, որոնց ժամանակ ստանում էր իր առաջին մրցանակները: Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակի դափնեկիր դաշնակահարուհին փաստում է՝ փոքր տարիքից էլ հասկացել է, որ երաժշտությունն իր կյանքի մի կարևոր մասն է: «Արմենպրես»-ը ներկայացնում է Անահիտ Դիլբարյանի «Նորամուտ»-ը:

Սեր երաժշտության նկատմամբ

Սերն իմ մեջ առաջացել է մայրիկիս շնորհիվ: Նա քանոնահարուհի է, և ես, մանկապարտեզ հաճախելու փոխարեն, հաճախ նրա հետ գնացել եմ երաժշտական դպրոց: Դեռ երկու տարեկանում ծանոթացել եմ քանոնին: Մայրիկս պատմում է, որ երբ իր աշակերտներից մեկը վերջացրել է դասը, իսկ ինքը դուրս է եկել դասասենյակից, մի փոքր անց լսել է նույն երաժշտությունը, ինչ մինչ այդ նվագել էր իր աշակերտը: Եկել տեսել են, որ ես եմ նվագում: Իմ առաջին քայլը դա է եղել, հասկացրել եմ, որ երաժշտություն շատ եմ սիրում:

Առաջին քայլեր

5 տարեկան էի: Մայրիկիս զանգեցին,ասացին՝ մրցույթ կա, կոչվում է «Իմ անկախ պետությունը 5 տարեկան է»: Ուզում էին, որ մայրիկիս աշակերտուհին մասնակցի: Երբ նա վերջացրեց իր հեռախոսազրույցը, խնդրեցի, որ ես էլ մասնակցեմ: Շատ կարճ ժամանակահատվածում խոստացա պարապել, սովորել ծրագիրը: Լավ պարապեցի: Առաջին իսկ ելույթս բուռն արձագանքների արժանացավ: Այդ ժամանակ ծնողներիս խորհուրդ տվեցին, որ ավելի լուրջ զբաղվեմ երաժշտությամբ:

Սկսել եմ քանոն նվագելով, ընթացքում ջութակ եմ հասցրել ուսումնասիրել: Մինչ այսօր թե՛ քանոն, թե՛ դաշնամուր եմ նվագում: Ճիշտ է, դաշնամուրին ավելի շատ ժամանակ եմ հատկացնում: Դաշնամուրի դեպքում հնարավորությունները մի փոքր այլ են: Քանոնն ինչ-որ չափով սահմանափակ հնարավորություններ ունի: Իսկ դաշնամուրի հնարավորություններն ավելի մեծ են:

Նախագահի մրցանակ

Արժանացել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի երիտասարդական մրցանակին: Նախագահի մրցանակին ենք արժանացել մեր տրիոյով:Ավելի վաղ նախագահի մրցանակի մրցույթին մասնակցել էի՝ նվագակցելով սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանին, դրանից մի քանի տարի անց էլ ընկերներով՝ Վիգեն Հարությունյանի (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանի (կլարնետ) հետ որոշեցինք տրիոյով մասնակցել: Միտքը, որ երբևէ տրիո չէր հաղթել մրցույթում, հետաքրքիր էր, ոգևորող: Բացի այդ, մրցույթին երբևէ այդպիսի կազմ էլ չէր մասնակցել: Եթե դաշնամուրային տրիո է հանդես գալիս, սովորաբար կազմը հետևյալն է լինում՝ ջութակ-թավջութակ-դաշնամուր , իսկ մեր դեպքում՝ դաշնամուր-ֆագոտ-կլարնետ էր: Երեք գործիքների համար շատ քիչ ստեղծագործություններ կան, մենք նաև փոխադրումներ էինք կատարել… Որոշել ենք, որ տրիոն կշարունակի իր կյանքը, անուն կունենա, հետագայում նաև համերգներով հանդես կգա Հայաստանում: Մեր ժամանակակից կոմպոզիտորները ցանկություն ունեն հենց մեր տրիոյի համար գրել երաժշտություն:

Տարատեսակ համագործակցություններ

Մեծ կոլեկտիվներից համագործակցում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, առաջարկներ են լինում մասնակցելու համերգներին: Հիմա մեծ նախագծեր եմ պատրաստում իմ շատ մտերիմ ընկերների հետ: Օրինակ, սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանի հետ հիմա աշխատելու ենք մի քանի լուրջ նախագծերի շուրջ: Մենք ճանաչում ենք իրար 2001 թվականից, համերգների, փառատոնների, մրցույթների ժամանակ գրեթե միշտ միասին ենք ելույթ ունեցել:

Շուտով համերգներով հանդես ենք գալու հայ և օտարերկրյա հանդիսատեսի առջև: Սեպտեմբերին նախատեսվում է մեր առաջին համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում, կհնչեն հայ և արտասահմանցի կոմպոզիտորների գործեր: Շատ հետաքրքիր համերգ է ստացվելու, բայց դեռ շատ փակագծեր չեմ բացի:

Ժամանակակից երաժշտություն

Արդեն երկար տարիներ համագործակցում եմ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, այնտեղ տարին 2-3 անգամ անցկացվում է հայ ժամանակակից կոմպոզիտորների մեծ փառատոն, որտեղ ներկայացվում են տարբեր ժանրի ստեղծագործություններ: Միշտ դիմում են, որ մասնակցեմ համերգներին, և ես մեծ սիրով ներկայացնում եմ հայ ժամանակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ժամանակակից երաժշտության հետ կապված մի դիտարկում անեմ: Կան ստեղծագործություններ, որ երբ նվագում ես, ուզում ես հասկանալ՝ ինչի համար է սա գրվել: Կոմպոզիտորները փորձում են ինչ-որ նոր բաներ բացահայտել, նոր բաներ ներկայացնել: Բայց, կարծում եմ, որ ամեն ինչ ներկայացված է: Այն, ինչ ստեղծել են մեծերը, գերազանցել ուղղակի անհնար է: Մյուս կողմից՝ կարող եմ ուրախությամբ նշել, որ կան կոմպոզիտորներ, որոնք իսկապես լավ երաժշտություն են ստեղծում:

Սիրած կոմպոզիտորներ

Սիրում եմ բոլոր կոմպոզիտորներին՝ սկսած դասականներից մինչև մեր օրերում ստեղծագործող ցանկացած կոմպոզիտորի: Բոլորի ստեղծագործություններում միշտ փորձում եմ գտնել հետաքրքիր բան, որը կկարողանամ մատուցել իմ հանդիսատեսին: Միշտ փորձում եմ այնպես անել, որ լսողը ցանկանա ևս մեկ անգամ անդրադառնալ այդ գործին:

Իմ երկացանկը բազմազան է: Կատարում եմ դասական, ժողովրդական, ջազ, փոփ, ժամանակակից կոմպոզիտորների գործեր. սկսած Սկարլատիից մինչև մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչում են իմ կատարմամբ:

Մանկավարժական գործունեություն

Դասավանդում եմ Երևանի Բ. Կանաչյանի անվ. թիվ 17 արվեստի դպրոցում, ունեմ նաև ուսանողներ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում: Զուգահեռ աշխատում եմ Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

Երեխաների հետ աշխատելը հաճույք է: Ինչքան դու ես սովորեցնում, կրկնակի այդքան սովորում ես նրանցից: Նրանց հետ աշխատելը հետաքրքիր է:

Չգնահատված լինելու խնդիր

Ամենամեծ խնդիրը Հայաստանում միշտ եղել է այն, որ շատ հաճախ գնահատված չես լինում: Գործում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը: Սա կարծրատիպ չէ, բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս ամենը կվերանա:

Նշեմ, որ ինքս ամեն ինչով փորձում եմ աջակցել իմ աշակերտներին, փորձում եմ նրանց առաջ տանել: Շատ կարևոր է, որ օգնություն ցուցաբերվի տաղանդավոր երեխաներին: Պետք է նրանց ամեն ինչով աջակցել առաջ գնալու հարցում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը