Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/942385.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկարցեցին ՀՀ ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան մասին: Նրա ստեղծագործությունների թեման իր հայրենիքն էր, նրա բնության չքնաղ անկյունները, պատմաճարտարապետական կոթողները եւ ի վերջո` հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական դրվագները: Այս ամենը նա վրձնի ուժով հավերժացրեց իր անկրկնելի կտավներում, ստեղծեց գեղանկարչական մնայուն ժառանգություն, որն անհատական ցուցահանդեսներով ներկայացնելով եվրոպական բազմաթիվ երկրներում` դարձավ հայ մշակույթի ու պատմության յուրօրինակ դեսպաններից մեկը: Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Զուլում Գրիգորյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: