Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վ. Բարսեղյանի գլխավորությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի հավաքագրման եւ գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման եւ իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացման նպատակով հանրապետության նախագահի այսօր ստորագրած կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախագահի աշխատակազմի, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Այսօր միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է հարկային քաղաքականության խստացման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած մի շարք խորհրդակցությունների հետո: Նշելով, որ հանձնաժողովը հետեւողական քայլերով եւ բոլոր շահագրգիռ պետական կառույցների ներգրավմամբ պետք է լուրջ պայքար ծավալի ստվերային շրջանառության դեմ` ՀՀ նախագահն ընդգծել է, որ համախառն ներքին արդյունքի մեջ հարկային եկամուտների տոկոսը պետք է լինի այնպիսին, ինչպիսին քաղաքակիրթ երկրներում է: Ըստ երկրի ղեկավարի` հանձնաժողովն իր գործունեությամբ պետք է լուրջ ազդակ հաղորդի, որ չկան անձեռնմխելի մարդիկ, ոլորտներ եւ որեւէ տանիք որեւէ մեկի համար չի կարող ծառայել, պետք է աշխատել միմիայն օրինական դաշտում: Նախագահի խոսքով, այսօր կան երեւույթներ, որոնք չեն կարող լինել առանց պետական կառույցների հովանավորչության: «Հովանավորչություն իրականացնողները պետք է բացահայտվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբե,-շեշտել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում