Մշակույթ

«Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

3 րոպեի ընթերցում

«Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի, Խորվաթիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Ներբող ոչնչին» ֆիլմը ոչնչի մասին պատմող վավերագրական կծու այլաբանություն է, որտեղ «ոչինչը», թյուրըմբռնումից հոգնելով, փախչում է տնից առաջին ու վերջին անգամ գալիս մեզ դիմելու:

Այն ներառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Կինոժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Բորիս Միտիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վավերագրական կինոյում երբևէ օգտագործված ամենաէկլեկտիկ մատենագիտության20000էջն ուսումնասիրելով՝ ֆիլմը նկարահանվել է ութ տարի,70երկրում,62օպերատորի մասնակցությամբ, կաբարեի մեծ վարպետներ Պասկալ Կոմլադի ու«Tiger Lillies»եռյակի երաժշտությամբ և Իգի Փոփի կարդացած տեքստով, որը մանկական պարզ ոտանավոր է հիշեցնում:

«Այս ֆիլմն ակնհայտ խաղ է, հռետորական պրովոկացիա երկու թեմաների` աշխարհում տիրող այսօրվա իրավիճակի և վավերագրական կինոյի նկարահանման վերաբերյալ: Ընկերներիս հետ խոսելով`կատակով ասացի, որ կարող եմ կինո նկարել ոչնչի մասին: Բոլորը սկզբում զարմացել էին, բայց ոչինչը կարևոր է և մեր իրականության մի մասն է կազմում: Մենք շատ բան ենք մտածում, և այդ ամենի հիմքում ոչինչն է»,-նշեց Միտիչը:

Ռեժիսորն ընդգծեց, որ ֆիլմն իր կառուցվածքով բազմաշերտ է, և դրանցից ամեն մեկը լրացնում է մյուսին:

Եզրափակելով իր խոսքը` ռեժիսորը շնորհակալություն հայտնեց տարբեր փառատոնների կազմակերպիչներին իրեն մասնակցության հրավեր անելու համար և շեշտեց, որ երբեք չէր կարողանա աշխարհի մասին վավերագրական կինոնկար ստեղծել, եթե շրջած չլիներ տարբեր երկրներում:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում