Մշակույթ

Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է Արցախ աշխարհի մասին

3 րոպեի ընթերցում

Ֆրանս-հայկական արտադրության «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը պատմում է Արցախ աշխարհի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական կինոնկարը ներկայացնում է Կովկասի լեռներում քիչ հայտնի երկիրԱրցախը՝ մի հանրապետություն, որը շարունակում է պայքարել իր անկախության համար: Ռեժիսորը դիմանկարների պատկերասրահի միջոցով բացահայտում Է նրանց, ովքեր ազատության փնտրտուքում ձևավորում են այս ժողովրդիառօրյա կյանքը:

Ժապավենն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռեժիսորը:

«Քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց մեկնեցի Արցախ և զարմացած էի այն մթնոլորտով, որը կար այնտեղ: Ուժեղ, ամուր և առաքինի են արցախցիները:

Քանի որ Ֆրանսիայում Արցախը հայտնի է քաղաքական հակամարտությունների կիզակետում լինելով` փորձեցի այս կինոնկարով ցույց տալ Արցախի մյուս կողմը` մարդկանց առօրյան, նիստուկացը, կնոջ դերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Խայաջանյանը:

Նրա խոսքով` Ֆիլմը բազմիցս ցուցադրվել է ֆրանսիական քաղաքներում, բայց կան քաղաքներ, որոնք հրաժարվում են դա անել, քանի որ պատճառը քաղաքական է:

Առնո Խայաջանյանը 2012-ին նկարահանել է «Կորուսյալ հորիզոններ» կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվել է 22 ՄԿՓ-երում, լավագույն դերակատարման համար մրցանակ շահել Մըլուզում, իսկ լավագույն ֆիլմի համար՝ Ֆենասյեի ՄԿՓ-ում: 2014-ին Խայաջանյանը կարճամետրաժ ֆիլմի է վերածել Լորա Դեպրենի ֆրանսիական պիեսը: «Վատ աղջիկը» ներկայացվել է 23 ՄԿՓ-երում՝ նվաճելով Vimeo-ի և Ժյուրիի մրցանակները Sundance հեռուստաալիքի մրցույթում: 2015-ին Խայաջանյանը ասպարեզ է հանել իր հայ նախապապերի պատմությունից ոգեշնչված «Քարքարոտ ճամփաներ» վավերագրական աշխատանքը, որն արժանացել է ֆրանսիացի քննադատների գնահատանքին և մասնակցել 24 ՄԿՓ-ի, շահել Իսմայիլիայի (Եգիպտոս) ԿՓ-ի ժյուրիի մրցանակը, իսկ ԿՓ-ում լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվել: 2017-ին ARTE ալիքով ցուցադրվել է Խայաջանյանի «Խուլ սրտեր» նոր ֆիլմը:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում