Արա Բաբլոյանը Քվեբեկում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր բարեկամական կապեր: Անդրադառնալով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացմանը՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն այս հարցում կարեւորել է պատգամավորական բարեկամական խմբերի դերը եւ փոխայցերի ակտիվացումը: Արա Բաբլոյանի խոսքով՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը եւ Կանադան համագործակցում են երկկողմ ու բազմակողմ բնագավառներում:

Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը, նշելով, որ Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը 2018 թվականին Երեւանում անցկացնելու հարցում Կանադան կարեւոր աջակցություն է ցուցաբերել, փաստել է, որ Հայաստանը սիրով հյուրընկալելու է բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ Կանադայի պաշտոնական պատվիրակությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում. Համայնքների պալատը դեռեւս 2004թ. ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, իսկ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների ճանաչումը վերահաստատող, ինչպես նաեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձեւ:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն է եւ մշտապես քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ: Ջեֆ Ռիգանն իր հերթին ողջունել է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Քննարկվել են Կանադայի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը, կանադահայ համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ Կանադայում բնակվող շուրջ 90 հազար հայերը զգալի ներդրում ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում եւ ակտիվ ներգրավված են Կանադայի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Կանադայի Համայնքների պալատի նախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխգործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված: Նա փաստել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը Ջեֆ Ռիգանին հրավիրել է Հայաստան:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Քվեբեկի Ազգային ժողովի եւ ՖԽՎ նախագահ Ժակ Շանյոնի հետ:

Հանդիպումներին ներկա է եղել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Հայերեն English Русский

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն

Արաբական լիգան մտադիր է գագաթնաժողով անցկացնել Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանությանը հակազդելու համար

Թրամփը հետաձգել է Պանամայի նախագահի հետ հեռախոսազրույցը

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը

Արարատ Միրզոյանը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով

Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում