Մշակույթ

Կվերանորոգվի՞ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում նկարահանված շենքը

2 րոպեի ընթերցում

Կվերանորոգվի՞ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում նկարահանված շենքը

ԵՐԵՎԱն, 4 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Աճեմյան 2 հասցեում գտնվող հայտնի պատշգամբում 1984թ. նկարահանվել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մի քանի հայտնի տեսարաններ, սակայն 34 տարի անց, ֆիլմի մասին այդ մասին հիշեցնում է միայն տեղադրված ցուցատախտակը: Պատշգամբն ու շենքը գտնվում են կիսաքանդ վիճակում, իսկ պատասխանատու կառույցները ժամանակավորապես սառեցրել են դրանք նորոգելու աշխատանքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնեց, որ վերանորոգման նախագիծն էլ կա, կառուցման գումարի չափն էլ է որոշված:

«Երբ դեռ Արմեն Ամիրյանն էր նախարար, մշակույթի նախարարությունից եկան, ուսումնասիրեցին, ռուսական ընկերության հետ ծրագիրը կազմեցին: Նախահաշվարկային փաստաթղթերով վերանորոգումը պետք է կազմեր մոտ 340.000 դոլար»,- ասաց Բալասանյանը:

Նախագծի համաձայն` վերանորոգման աշխատանքներից հետո շենքի մի մասը պետք է դառնար թանգարան, իսկ մյուս հատվածն օգտագործվեր որպես այլ մշակութային հաստատություն:

«Շենքն արտաքինից որևէ փոփոխություն չի կրելու: Այն բացարձակապես նույնությամբ պահպանվելու է, որովհետև մեծ մշակութային արժեք է ներկայացնում քաղաքի համար»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

Մշակույթի նախկին նախարարը նախորդ տարվա նոյեմբերին «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ պատրաստ է նաև շենքի վիրտուալ նախագիծը:

Շենքը գտնվում է մշակույթի նախարարության հաշվեկշռում: Նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հայտնեց, որ այս պահին ծրագրի մեջ որևէ փոփոխություն չկա, բայց վերանորոգման ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում:

Նորայր Շողիկյան

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում