Ջրային հրավառություն և ուրախ տրամադրություն. Վարդավառը կնշվի հուլիսի 7-ին և 8-ին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավառը կամ Պայծառակերպության տոնը 2018 թվականին կնշվի հուլիսի 8-ին, սակայն բուն տոնը սկսվում է հուլիսի 7-ի երեկոյան:

Վարդավառի տոնակատարությունների վայրն ու ձևաչափն իմանալու համար՝ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի, ինչպես նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանի հետ:

Վարդավառի տոնի հոգևոր խորհուրդը

Վարդավառը կամ Պայծառակերպության տոնը եկեղեցական 5 տաղավար տոներից 3-րդն է՝ Սուրբ Ծննդից և Սուրբ Զատիկից հետո: Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավար շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուսը նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանը՝ Արարատյան թեմի կազմակերպած միջոցառումների մասին

Այս տոնի վերաբերյալ մենք ազգային և շատ գեղեցիկ սովորույթներ ունենք, որոնք մեր ժողովուրդը միշտ մեծ շուքով նշել է: Ցանկալի է, որպեսզի բոլոր քրիստոնյաներն այցելեն եկեղեցի և հաղորդություն ստանան: Մեր թեմի երիտասարդաց միություններն ունեն ամենամյա ծրագրեր, և դրանցից մեկը Վարդավառի նախատոնակ նշելն է: Այդ ամենը տեղի է ունենում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ: Հուլիսի 7-ին, ժամերգությունից հետո Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, արդեն մի քանի տարի կազմակերպում ենք միջոցառում: Ելույթ են ունենալու դհոլահարների խումբը, «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի համույթը և այլն: Ժամը 18:00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից տոնական մեծ շքերթով մենք շարժվելու ենք դեպի Մանկական զբոսայգի: Առջևից գնալու է ավանակը, որի վրա տատիկ է նստած լինելու, երիտասարդները պետք է մոտենան նրան, սկսեն հոգու հետ խաղալ, իսկ տատիկն էլ հատուկ խոսքեր պետք է ասի նրանց: Սա հատուկ ծիսակարգ է, և հիմնական ծեսն իրականացվելու զբոսայգում գտնվող ամֆիթատրոնի մոտ: Մինչև Վարդավառի տոնը խնձորի պահք է լինում և հենց այդ օրը խնձորը խորովում են ու բաժանում ժողովրդին: Մենք նույնպես կիրականացնենք այդ արարողությունը, ինչպես նաև Վարդավառին հատուկ քաղցրավենիքներ կբաժանենք ներկաներին: Վերջում կլինի նաև վարդաջրով «ջրոցի»:

Տոնախմբությանը մասնակցող զբոսաշրջիկներ

Վարդավառի տոնին միշտ բազմաթիվ զբոսաշրջիկներ են մասնակցում և տուրիստական գործակալությունների տուրօպերատորները միշտ բերում են օտարերկրացիներին մասնակցելու այդ տոնախմբությանը: Խմբեր են եղել Հորդանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, եվրոպական տարբեր երկրներից:

Ռուբեն Հովհաննիսյանը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցության մասին

Տոնի ինֆորմացիոն հատվածը քաղաքապետարանն իր վրա է վերցրել և այդպիսով աջակցում է Արարատյան թեմին: Մենք տպագրում ենք պաստառները, հնչյունային տեխնիկան տրամադրում, որը վարձակալելու ենք: Հուլիսի 7-ին իրականացվող միջոցառումները կազմակերպելու համար՝ 12 վարչական շրջանների ստեղծագործական կենտրոնների աշխատակիցները երեխաներին Վարդավառի տոնին համապատասխան տարազներ են հագցնում, տարբեր ատրիբուտներ են տալիս, որպեսզի փոքրիկները մասնակցեն:

«Ջրոցի»-ի վայրն է՝ Կարապի լիճը

Հուլիսի 8-ին միջոցառումը սկսվելու է ժամը 12:00-ին՝ Կարապի լճի տարածքում և կվերջանա մոտ 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: Լինելու է փոքրիկ համերգային զվարճալի ծրագիր, DJ և հաղորդավար է հրավիրվելու: Մոտավորապես ավարտի ժամ նշում ենք, սակայն Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում հստակեցնել, քանի որ, հնարավոր է, այդ ժամը ամենաթեժ պահը լինի: Երաժշտությունը դադարեցնելուն պես մարդիկ կարող են տխրել, իսկ մենք չենք ցանկանում, որպեսզի այդպես լինի: Հաղորդավարն իր տեքստերում ժամանակ առ ժամանակ խոսելու է Վարդավառի կամ Պայծառակերպության տոնի մասին, և եթե անգամ մեկ հոգի լսի տոնի պատմությունը, արդեն բավական է: Այս միջոցառումն իր մեջ նաև քարոզչության բնույթ է կրում:

12 վարչական շրջաններում ջրցան մեքենաներ կլինեն

Երևանի բոլոր վարչական շրջաններում ջրցան մեքենաները տարբեր ժամերի կսկսեն անցնել տարբեր փողոցներով, բակերով: Այնտեղ նույնպես կլինեն երեխաների կուտակումներ, և զվարճալի մթնոլորտն ապահովված կլինի:

Անվտանգությունն ապահովված կլինի

Այս միջոցառումը շատ անվտանգ է, և եթե վնասվածքներ են լինում, դրանք ընդամենը փոքրիկ և թեթև քերծվածքներ են լինում: Այնուամենայնիվ, պարտադիր տեղում կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարության և շտապօգնության ծառայության աշխատակիցներ:

Միջոցառման նորությունը

Կարապի լճի տարածքում՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ, մասնավոր կազմակերպության կողմից տեղադրվելու է մեծ ջրային ֆուտբոլի դաշտ: 9 մ լայնությամբ և 16 մ երկարությամբ կլինի դաշտը: Ջուրն այդ պարագայում խոչընդոտ է հանդիսանալու՝ ֆուտբոլ խաղալու համար:

Համայնք-մասնավոր համագործակցություն

Հուլիսի 8-ին մեզ հետ համագործակցող մի քանի կազմակերպություն անվճար խմելու ջուր են բաժանելու միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև դույլեր են տրամադրելու միմյանց ջրելու համար:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել

Ուշ դիմելիություն, ինքնաբուժություն, հակաբիոտիկների չարաշահում. ինչ հարցեր են թոքաբորբի դեմ պայքարի քննարկումների առանցքում

Չինաստանում ամփոփվել է Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը. հայտնի են հաղթողները

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը